Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասավ 520-ի, կան տասնյակ տուժածներ


Թե ինչքան մարդ է այսօր դուրս եկել Մոսկվայի Տվերսկայա փողոց, դժվար է ասել։ Ոստիկանությունը հայտնել էր, որ մոտ 3 հազար, որոնցից 700-ը լրագրողներ և բլոգերներ են։ Իրականում ցուցարարները շատ ավելի շատ են։

Ոստիկանությունը լուրջ նախապատրաստվել էր բողոքի ակցիային։ Հազարավոր ոստիկաններ այսօր Մոսկվայի կենտրոնում են։ Նրանք փակել են բոլոր փողոցները, որ տանում են դեպի Տվերսկայա փողոց, փողոցին հարող մետրոյի մուտքերը, ստորգետնյա անցումները, և մարդիկ պարզապես չեն կարող մոտենալ այդ փողոցում տեղակայված քաղաքապետարանի շենքին։

Մարդկանց, որոնք եկել էին չարտոնված ակցիայի կամ Մոսկվայի դումայի ընտրությունների թեկնածուների հետ հանդիպման, ինչպես ասում էին չգրանցված թեկնածուները, ձերբակալում էին արդեն առավոտից։ Այս պահի տվյալներով շուրջ 520 մարդու են ձերբակալել։ Ոստիկաններն այնքան շատ են, որ նույնիսկ տպավորություն է ստեղծվում, թե ոստիկաններն ավելի շատ են, քան ցուցարարները։

Ոստիկանությունը մի քանի օր շարունակ մոսկվացիներին կոչ էր անում դուրս չգալ ապօրինի հավաքին։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնիսկ գրառում էր արել Թվիթերում, թե ակցիային լինելու են սադրանքներ։

Մինչ այս պահը եղել են բազմաթիվ բախումներ, ձերբակալություններ, կան տասնյակ տուժածներ։

Տուժել էր նաև Ռուսաստանի Դումայի պատգամավոր Անաստասիա Պարուշինան։ Ոստիկանները հարվածել էին նրա գլխին։

«Այսքանից հետո ես կարծում եմ, որ Սոբյանինը պետք է թողնի իր պաշտոնը, նա պարզապես քանդում է մեր քաղաքը», - ասաց Պարուշինան, ում հանրահավաքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։

Թե քանի տուժած կա, այս պահին դժվար է ասել։

Այսօրվա ցույցին ներկա չեն ընդդիմադիր թեկնածուներից և գործիչներից ոչ մեկը։ Նրանց բոլորին նախօրեին ձերբակալել են։ Մասնավորապես ձերբակալված են Ալեքսեյ Նավալնին, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը։

Ոստիկանությունը գնացել է նաև "Дождь" հեռուստաընկերության ստուդիա հենց ուղիղ եթերի ժամանակ, սակայն փոխանցել են միայն Քննչական կոմիտե ներկայանալու մասին ծանուցում գլխավոր խմբագրին և հեռացել։

Ցուցարարները պահանջում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Սոբյանինի հրաժարականները, վանկարկում են՝ Ռուսաստանը պետք է ազատ լինի։

«Ես չէի ուզում գալ այստեղ, բայց եկա, թեև վախենում եմ, բայց հասկանում եմ, որ պետք է պայքարել։ Բախտս բերեց՝ տատիկը համաձայնեց իմ երեխային խնամել, և ես կարողացա մասնակցել այս ցույցին», - ասաց ցուցարարներից մեկը։

Դաշնային հեռուստաընկերությունները այսօրվա ցույցերը չեն լուսաբանում։

Հիշեցնենք՝ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընդդիմադիր գործիչներին Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չգրանցեց սեպտեմբերի 8-ին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններին։ Հանձնաժողովը հայտարարել է, թե այդ թեկնածուների ներկայացրած ստորագրությունների մի մասը անվավեր է։ Ընդդիմադիրներն էլ պնդում են, թե ստորագրությունները կեղծվել են հենց ստուգման ժամանակ։

Փորձագետները խոսում են Մոսկվայի դումայի ընտրությունների պատճառով Ռուսաստանում առաջացած լուրջ ներքաղաքական ճգնաժամի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG