Մոսկվայի ընտրական հանձնաժողովն այսօր ուսումնասիրելու է Ռուսաստանի մայրաքաղաքի դումայի առաջիկա ընտրություններում չգրանցված թեկնածուների, մասնավորապես՝ ընդդիմադիր գործիչ Դմիտրի Գուդկովի, բողոքները:
Գուդկովին և մի շարք այլ ընդդիմադիրների թեկնածությունները Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել սեպտեմբերի 8-ին անցկացվելիք ընտրություններում՝ նրանց աջակիցների ստորագրությունների մի մասը անվավեր է ճանաչվել:
Ընդդիմադիրները հայտարարել են, որ սա քաղաքական որոշում է, և հատուկ են այդպես արել: Հուլիսի 20-ին Մոսկվայում կայացավ նրանց աջակիցների բազմամարդ հավաքը՝ շուրջ 30 հազար մարդ էր հավաքվել, և սա վերջին տարիների ամենամարդաշատ բողոքի ակցիան էր Ռուսաստանի մայրաքաղաքում:
Բողոքի բազմամարդ երթից հետո Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե պետք է նորից ուսումնասիրել անվավեր ճանաչված ստորագրությունները: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները ներկա են լինելու հարցի քննարկմանը Մոսկվայի ընտրական հանձնաժողովում:
Փորձագետները համարում են, որ իշխանությունները, վախեցած մոսկովյան այս ճգնաժամից, կարող են վերանայել իրենց որոշումը և ընդդիմադիրներից գոնե մի քանիսին թույլ տալ մասնակցել ընտրություններին:
Գուդկովը երեկ հայտարարել է, որ անվավեր են ճանաչվել իրական մարդկանց ստորագրությունները այն պատրվակով, թե այդպիսի մարդիկ պարզապես գոյություն չունեն: Նա 20-էջանոց բողոք է ներկայացրել Մոսկվայի ընտրական հանձնաժողով և ակնկալում է, որ իր նկատմամբ որոշումը քաղաքի իշխանությունները կվերանայեն:
Պամֆիլովան նախօրեին հանդիպել էր չգրանցված ընդդիմադիր թեկնածուների հետ և հայտարարել, որ իհարկե կվերանայվեն անվավեր ճանաչված ստորագրությունները, սակայն բոլոր թեկնածուներին, այսպես թե այնպես, հնարավոր չէ գրանցել:
Ընդդիմադիրները դժգոհել են հանդիպումից, իսկ Ալեքսեյ Նավալնին, ում թիմակիցներին նույնպես չեն գրանցել, հայտարարել է, որ հուլիսի 27-ից Մոսկվայում սկսում են անժամկետ բողոքի ակցիաներ: Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ հավաքն անօրինական է լինելու, և քաղաքացիներին կոչ է արել չմասնակցել դրան: