Մատչելիության հղումներ

Տիգրան Ավինյան․ ՔԿ-ի եզրակացությունը իրավական գնահատականի կարիք ունի


Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով «Էլարդի» հետ աղմկահարույց տեսակոնֆերանսից առաջ Ֆեյսբուքում հրապարակելով Ամուլսարի առնչությամբ Քննչական կոմիտեի պատրաստված եզրակացությունը՝ հույս էր հայտնել, թե «հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի», այսօր հայտարարեց, թե Քննչական կոմիտեի եզրակացությունը իրավական գնահատականի կարիք ունի:

«Ազատության» հարցին, թե արդյոք տեսակապից հետո էլ շարունակում է պնդել, որ Ամուլսարը հանքը պետք է շահագործվի, Ավինյանը արձագանքեց․ - «Ես պնդումներ չեմ արել այդ հարցի վերաբերյալ: Քանի որ հնարավոր արբիտրաժային գործընթացներ են հնարավոր, թույլ տվեք այս պահի դրությամբ որևէ կարծիք չարտահայտեմ»:

Ավինյանին չի մտահոգել այն, ինչ տեղի ունեցավ տեսակապի ընթացքում․ - «Որովհետև այն, ինչ տեղի ունեցավ տեսակապի ընթացքում, արդեն իսկ գրված էր «Էլարդ»-ի եզրակացության մեջ»:

Իսկ Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական հեռանկարը փոխվարչապետին մտահոգում է․ - «Ես առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով մտահոգված եմ, և Ամուլսարի հարցը բացառություն չէ»:

Տիգրան Ավինյանը պնդեց, որ հանքը շահագործելու հարցում որևէ պարտադրանք չկա․ - «Միակ պարտադրանքը որ կա, դա այն է, որ մեր պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր»:

Նա հերքեց, թե անձնական շահագրգռվածություն ունի այս հարցում․ - «Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն․ դա պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը: Որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ և չեմ կարող ունենալ»:

Ավինյան հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:

«Ի՞նչ է ասում մեզ «Էլարդ» ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով, առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են», - օգոստոսի 21-ին Ֆեյսբուքի իր էջում գրել էր Ավինյանը և շարունակել․ - «Այնուամենայնիվ, «Էլարդ»-ի զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը, որտեղ ներկայացված են ոչ միայն «Էլարդ»-ի կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի»:

Փոխվարչապետի գրառումից օրեր անց մամուլի ասուլիսով էր հանդես եկել Քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը, ով հենվելով «Էլարդի» պատրաստած զեկույցի վրա՝ հայտարարեց, թե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի: Այնինչ օգոստոսի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայաստանյան տարբեր գերատեսչությունների ու «Էլարդ» և «Լիդիան» ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած տեսակոնֆերանսի ժամանակ «Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարեց, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը՝ ՇՄԱԳ-ը, թերի է, ոչ ամբողջական ու անվստահելի:

Մհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան


Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին այսօր լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև մյուս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը․ - «Փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական տեսանկյունից, թե՛ տնտեսական տեսանկյունից և թե՛ բնապահպանական: Եվ միայն ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG