Այս մասին «Իմ քայլը» խմբակցության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը․ - «Իմ համար դա ավելի կարևոր է, որովհետև այնտեղ խոսքը գնում է պետության վնաս պատճառելու մասին, այստեղ քննարկում է ընթանում, թե արդյոք հնարավոր է, որ վնաս լինի»:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունից հետո համացանցում կարծիք կար, որ սա հանրության ուշադրությունը Ամուլսարի խնդրից շեղելու փորձ է: Սիմոնյանն արձագանքում է․ - «Մի շեղվեք»:
Վարչապետի ընտանիքին պատկանող թերթի խմբագրականում այսօր կարդում ենք․ - «Կառավարությունը պիտի կարողանա ոչ միայն խնդիրները լուծել, այլևս հընթացս հաղթահարել կարծրացած համակարգի դիմադրությունը: Բայց տպավորությունն այնպիսին է, որ վարչապետ Փաշինյանը դա անում է միայնակ կամ հատուկենտ պատգամավորների ու նախարարի աջակցությամբ, իսկ մյուսները կողքից սպասում են, թե ինչով կավարտվի այս ամենը»:
«Խմբագրականում թիմին ուղղված ուղերձներ տեսնո՞ւմ եք» հարցից հետո Սիմոնյանը հարկ է համարում հիշեցնել, որ ինքը վարչապետի հետ ուղիղ կապի մեջ է և այդ կապով նման ուղերձներ չի ստացել:
Համացանցում Ամուլսարի շահագործման վերաբերյալ կուսակիցների բանավեճն ու հակադիր կարծիքները Սիմոնյանը ավելի քան նորմալ է համարում: Նրա խոսքով, դա քննարկում է, որի արդյունքում վայր դրված մանդատներ չեն լինի:
ԱԺ փոխխոսնակը նշում է, որ Ամուլսարի հարցը մասնագիտական ոլորտում է, և ըստ էության պատգավորների կարծիքները հետաքրքիր են միայն լրագրողներին՝ միմյանց հակադրելու և սենսացիոն վերնագրեր դնելու համար։
Հարցին՝ Ամուլսարի ազդակիր համայնքի բնակիչներն է՞լ են սենսացիոն վերնագրի համար սպասում պատգամավորների արձագանքին, ԱԺ փոխխոսնակը արձագանքում է․ - «Դա խմբակցության հետ որոշելու հարց չի, դա կառավարության հարցն է, որը եթե եկավ Ազգային ժողով, այդ ժամանակ կքննարկենք: Թրենդային ենք սարքում, այսինքն այսօր Save Amulsar գրած ֆեյսբուքյան շատ ու շատ մարդիկ ուղղակի ֆիզիկապես չգիտեն, թե որտեղ է Ամուլսարը գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում: Բայց երբ որ Դիլիջանում, Իջևանում ծառ էին կտրում, չգիտես ինչու այդ սելեկտիվ բնապահպանությունը չէր գործում»:
Կուսակցության շենքում խմբակցության անդամները ԱԺ նախագահի գլխավորությամբ հավաքվել էին քննարկելու սեպտեմբերից 9-ից մեկնակելիք նստաշրջանի աշխատանքները: Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունից մինչև խմբակցության կանոնադրության փոխոխություն: