Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցությունների համոզմամբ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը չի կարող ստվերել Ամուլսարի հարցը


Գագիկ Խաչատրյան, արխիվ
Գագիկ Խաչատրյան, արխիվ

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, ով հեղափոխությունից հետո թերևս ամենաշատն է բարձրացրել Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատասխանատվության ենթարկելու հարցը, պնդելով, թե նա պետության հաշվին միլիարդներ է կուտակել, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրեն զարմացրել է Ազգային անվտանգության ծառայության գործողությունները: Ըստ նրա, պարզ չէր, հեղափոխությունից 1,5 տարի հետո ինչ էին փնտրում Խաչատրյանի տանը:

«Գագիկ Խաչատրյանի տանը ի՞նչ էին ման գալիս 1,5 տարի հետո, ինչ ուներ թաքցնելու երևի թաքցրել պրծել է էլի, ամեն դեպքում ողջունում ենք, և ես հույս ունեմ, որ դրանով կանգ չենք առնի», - նշեց Մարուքյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Խաչատրյանի ձերբակալությունը չի կարող որոշակի տնտեսական ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ նրա ընտանիքը մի շարք բիզնեսներ ունի երկրում, ընդդիմադիր պատգամավորը շեշտում է, ընդհակառակը, այս փաստը կարող է լավ ազդակ լինել բիզնես միջավայրի համար։

«Այդ բիզնես հաջողության պատմությունը, եթե այդքան հաջող է, պետք է նրա տղաները պատմեն մեզ, մենք էլ մեր երեխաներին սովորեցնենք, թե իրանք էլ ոնց հարստանան էլի, եթե տենց տարբերակ կա։ Այսինքն ոնց եղավ, որ իրա տղաներն էդքան հաջողակ և նրանց շրջապատող մարդիկ դարձան տենց հաջողակ դեմքեր, որոնք Հայաստանի բիզնես միջավայրում նոր մշակույթ սփռեցին և այլն։ Մի աբսուրդ բան էլ ձեզ ասեմ՝ ինչ-որ հայտնի պատմություն կա «Մարիոթ» հյուրանոցի կառուցման հետ, որը էլի իրենց ծրագրին է, իմ տվյալներով «Մարիոթ»-ը ավելի քիչ հարկեր էր ունենալու, ավելի քիչ հարկեր կառուցելու շինթույլտվություն է տրված եղել Տարոն Մարգարյանի օրորք, հիմա ավելի բարձր է էդ շինթույլտվությունը ստացվել հայկ Մարությանի օրորք, խորհուրդ կտամ ճշտեք, թե էդ ոնց եղավ, որ նախկին հանցավոր ռեժիմը թույլ չէր տալիս, որ այդքան բարձր շենք կառուցեն Գագիկ Խաչատրյանները հիմա ավելի բարձր շենք են կառուցելու», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. «Ես չեմ կարծում, թե նրա ձերբակալումը որևէ կերպ կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա, եթե ազդի էլ դրականորեն է ազդելու, որովհետև սա սիգնալ է բոլորին, որ այ էն, որ կոնֆետ չէիք կարողանում ներմուծել, կարող եք ներմուծել»։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանը թույլ փաստարկ է համարում այն պնդումները, թե Գագիկ Խաչատրյանին ձերբակալել են, որպեսզի հանրության ուշադրությունը շեղեն Ամուլսարի հիմնահարցից: Ըստ Ընդդիմադիր պատգամավորի, Խաչատրյանը շատ թույլ գործոն է Ամուլսարի համեմատ:

«Փոքր բանը չի կարող ծածկել մեծ բանը, և ավելին ասեմ, եթե նման բան կա, իշխանությունները թող ամեն օր էդպես մի թալանչու բռնեն, որ իբր շեղեն, բայց մեր երկրի գործը էդ առումով առաջ գնա։ Ես ասեմ՝ Ամուլսարի հարցը ավելի մեծ հարց է քան Քոչարյանի կալանավորումը, Գագիկ Խաչատրյանի կալանավորումը, Սերժ Սարգսյանի կալանավորումը, ցանկացած որևէ մեկինը։ Ամուլսարի խնդիրը ավելի շատ կենսական շահերի հետ կապ ունի, քան ինչ-որ մեկին կալանավորել կամ չկալանավորելը», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Նույնիսկ եթե Թրամփին ձերբակալեն, ջերմուկցիներին Ամուլսարից շեղել չի ստացվելու «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց Ջերմուկից օրերս վերադարձած ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորը միևնույն ժամանակ շեշտում է, չի ցանկանում հավատալ, որ նախկին ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը Ամուլսարի խնդրից շեղելու հնարք է, ինչպես պնդում են սոցիալական ցանցերում:

«Եթե դա հնարք է, ապա դա ձախողված հնարք է, որովհետև ես մի քանի օր եղել եմ Ջերմուկում, այսինքն երևի թե չկա մի սոցիալական խավ Ջերմուկում՝ կլինեն ակտիվիստներ, կլինեն բնակիչներ, ոչ մի հնարք, նույնիսկ եթե հիմա Թրամփին ձերբակալեն և բերեն Հայաստանի ասենք Երևան քրեակատարողական հիմնարկում պահեն, ջերմուկցիներին հետ չի պահելու իրենց խնդրից։ Էնպես որ այդ առումով ես չեմ կարծում, որ եթե դա հնարք է, դա ճիշտ աշխատված հնարք է, իսկ եթե իրականում կան փաստեր, ապա դրա պատասխանը պիտի փնտրել իրավական դաշտում։ Ես գիտակցորեն չեմ խառնվելու իրավապահ համակարգի գործերին և նույնքան հույս ունեմ, որ իրավապահ համակարգը վերջապես երկրում պորտալարով այլևս կապված չի լինի քաղաքական իշխանության հետ և չի սպասի քաղաքական իշխանության հրահանգներին», - ընդգծեց Զոհրաբյանը։

XS
SM
MD
LG