Մատչելիության հղումներ

Բնապահպաններ․ Ամուլսարի հարցում Փաշինյանին մոլորեցնում է իր շրջապատը


Ամուլսարի հարցում Նիկոլ Փաշինյանին մոլորեցնում է իր շրջապատը՝ նրան վարկաբեկելու համար, կարծում են բնապահպաններ Լևոն Գալստյանն ու Աննա Շահնազարյանը:

Հենց այսպիսի տպավորություն են ստացել նրանք երեկ Փաշինյանի հետ հանդիպումից և վարչապետի երեկվա մեկուկես ժամանոց ուղիղ եթերից հետո։

Ի դեպ, Աննա Շահնազարյանը այն բնապահպանն է, ով երեկ վարչապետի ելույթը բոյկոտել ու դուրս էր եկել դահլիճից:

Լևոն Գալստյան․ - «Էդ մարդուն կոպիտ ասած մեկը պոդստավկա ա արել: Ո՞վ: Իր կողքին կանգնած նախկին կարկառուն ՀՀԿ-ականները, քոչարյանականները և մյուսականները»:

Աննա Շահնազարյան․ - «Օրինակ, Տիգրան Ավինյանը հստակ բաներ էր պատասխանում՝ հանդես գալով «Լիդիան Արմենիա»-ի անունից, շատ հստակ ընկերության խոստումներն էր փոխանցում, կարծես միջնորդ լիներ»:

«Փաստորեն, որ վարչապետին դնում են խոցելի վիճակի մեջ: Մտածված թե պատահական, դա չեմ կարող հիմա ասել: Բայց ես լուրջ կասկածանքներ ունեմ, որ դա մտածված է արվում, որպեսզի նաև սերժառոբաքոչարյանական զանգվածը կարողանա իր մտադրությունները ինչ-որ ձև ավելի ակտիվ փորձի իրականության մոտեցնել: Որը որ, իհարկե, չի ստացվի»:

Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերի ընթացքում հայտարարել էր, որ նպատակահարմար է համարում թույլ տալ շահագործել Ամուլսարի հանքը, կառավարության ունեցած տեղեկատվությունը հստակ է՝ հանքի շահագործումը չի վնասում Սևանին և Ջերմուկին․ - «Էս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիան շատ հստակ ա՝ որ չի վնասում»:

Փորձագիտական զեկույցում նշված բոլոր ռիսկերի հետ կապված, ըստ Փաշինյանի, Քննչական կոմիտեն տարբեր այլ ապացույցներ է քննել և համարել է, որ այդ ռիսկերը կառավարելի են: Եթե նույնիսկ ֆորսմաժորային իրավիճակ լինի, վնասն այնքան քիչ կլինի, որ հնարավոր չի լինի չափել: Փաշինյանն անգամ պատկերավոր օրինակ բերեց․ - «Մի հոգի Սևանի ափին իր մեքենան լվանում ա: Դա անշուշտ բնապահպանական վնաս ա հասցնում Սևանա լճին, բայց էդ բնապահպանական վնասը էնքան փոքր ա, որ կլինի անչափելի»:

Բնապահպաններն ասում են, թե վարչապետը չպետք է հիմնվի Քննչական կոմիտեի տված եզրակացության վրա, քանի որ այն ոչ թե օբյեկտիվ քննություն է տարել, այլ փորձագետների մտահոգությունների վերաբերյալ լսել է հենց «Լիդիան»-ի ներկայացուցիչներին և նրանց տեսակետն ընդունել ու ներկայացրել իբրև օբյեկտիվ իրականություն:

«Գիտնականներին փորձել է «Լիդիան»-ը հակազդել, հակափաստարկներ ներկայացնել, և դա է, որ ընդունել է որպես փաստ կամ հիմք Քննչական կոմիտեն», - ասաց Շահնազարյանը:

Ըստ Փաշինյանի, «Լիդիան»-ը պատրաստ է կատարել փորձագետների առաջարկած քայլերը՝ հնարավոր բացասական ազդեցությունը մեղմելու համար:

Աննա Շահնազարյանն ասաց, թե նախ խոսքը ոչ թե բացասական ազդեցությունը չեզոքացնելու, այլ մեղմելու մասին է: Բացի այդ, ընկերության անգամ այդ պնդումներին իրենք չեն հավատում․ - «Եթե այդ մեղմացնող գործողությունների կողքին գրված լինեն թվերը, թե ամեն մեկը ինչ արժեք կունենա, ամբողջ խոսակցությունը կփակվի, բոլորը կհասկանան, որ «Լիդիան»-ը չի կարող նման գներով, նման արժողություն ունեցող գործողություններ կատարել»:

Փաշինյանը բերել էր նաև ամերիկյան Սոլթ Լեյք Սիթիի օրինակը, որը հանքավայրի մոտ է գտնվում, սակայն, ըստ վարչապետի, դա չի խանգարել, որ այնտեղ նույնիսկ օլիմպիական խաղեր անցկացվեն․ - «Միացյալ Նահանգների ամենախոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկն ա»:

Բնապահպանները կարծում են, որ Սոլթ Լեյք Սիթիի օրինակը վարչապետին իբրև դրական պատմություն ներկայացնողները պետք է անմիջապես հեռացվեն՝ նրան վատ վիճակի մեջ դնելու համար:

Աննա Շահնազարյան․ - «Ով որ ասել է դա իրեն, սուտ է ասել, առաջինը: Նիկոլ Փաշինյանին դրել է ծաղր ու ծանակի առջև: Հիմա բոլորը ծիծաղում են այդ մարդու վրա, որովհետև փաստացի նույնիսկ Գուգլի մակարդակով որոնման արդյունքում պարզ է դառնում, որ Սոլթ Լեյք Սիթին ամբողջ այդ հանքի պատճառով, ամբողջ Յուտա նահանգը և դրա տակի նահանգը լրջագույն խնդրի առջև են»:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձել էր Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհը ամիսներ շարունակ փակ պահողներին՝ հայտարարելով, որ տեղեկություն ունի, թե այդ ցույցերը հրահրվում են այլ հանքատերերի կողմից, որոնք շահագրգռված չեն Ամուլսարի հանքի գործարկմամբ:

Ըստ վարչապետի, եթե Ամուլսարի հանքավայրը գործարկվի բարձր չափանիշներով, մյուս հանքերը նույնպես պետք է այդ չափանիշներին համապատասխանեն:

Բնապահպանները, սակայն, այս պնդումները իրականությունից հեռու են համարում:

Աննա Շահնազարյան․ - «Այն մեթոդաբանությունը, որը դրված է Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրը շահագործելու «Լիդիան»-ի առաջարկի հիմքում, բնավ բարձրակարգ մեթոդ չէ: Դա բավականին ցածր, տնտեսական արդյունավետության իմաստով ամենաքիչ ծախս ենթադրող մեթոդաբանություն է»:

Լևոն Գալստյան․ - «Այդ այլ արդյունաբերողների, ինչ-որ մարդկանց հետևում ման գալը նույնպես որոշակի շրջանակների ինֆորմացիան է, որը բամբասանքի մակարդակով հասնում է վարչապետին, ու վարչապետը այդ բանը կրկնում է իր լայվում: Եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը ցանկություն ունի իրականում հանքարդյունաբերական գործող ձեռնարկությունները բերել ինչ-որ որոշակի ստանդարտի, ինքը ուներ ամենաքիչը ութ ամիս ժամանակ»:

Չնայած վարչապետը ուղիղ եթերի ժամանակ նշում էր, թե իրեն ներկայացված փաստերը Ամուլսարի հանքը չշահագործելու հիմքեր չեն պարունակում, այնուամենայնիվ վերջում հայտարարեց․ - «Եթե տեսականորեն ի հայտ կգա տեղեկատվություն, որը այս իմ գնահատականը գլխիվայր կշրջի, ես ոչ մի բանով կաշկանդված չեմ»:

Բնապահպաններն ասում են, որ երեկվա ելույթից տպավորություն չեն ստացել, թե որոշումը վերջնական է։

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ որոշում կայացվել է այս պահին: Որոշումը պետք է կայացվի ամբողջ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության բնության և Հայաստանի Հանրապետության պետական և էկոլոգիական անվտանգության գաղափարախոսության շրջանակներում: Եվ առաջին հերթին՝ նաև հաշվի առնելով տեղի բնակիչների առաջնային իրավունքները: Ամուլսարի վերաբերյալ որոշումը ոչ մեկի ո՛չ հաղթանակն է, ո՛չ էլ պարտությունն է: Դա բոլորիս, ամբողջ պետության հաղթանակը կարող է լինել, կամ պարտությունը», - ասաց Գալստյանը:

Այսօր երեկոյան բնապահապանները Սարյանի պուրակում կքննարկեն հետագա անելիքները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG