Մատչելիության հղումներ

Ապացույցներ, որ այդ հանքը կազդի բացասաբար, այս պահին չկան․ Առողջապահության նախարարը՝ Ամուլսարի մասին


Ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին այսօր «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ուղիղ եթերում պատասխանել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանից մեկ հատված:

Հարց․ - Նախարարությունը հետաքրքրվա՞ծ է, [Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված] ի՞նչ ռիսկեր կան:

Թորոսյան․ - Այս հարցը մշտական օրակարգում եղել և լինելու է՝ անկախ կոնկրետ որևէ հանքի գործարկումից, որովհետև մենք ունենք նաև այլ հանքեր, որ գործում են, նաև ունենք փակված հանքեր և այսպես կոչված «շրջակա միջավայրի պայմանավորված» առողջության վրա ազդող գործոնները միշտ մեր ուշադրության կենտրոնում են, որի համար աշխատում են տարբեր երկրներում տարբեր կառույցներ: Կոնկրետ մեր դեպքում ենք ունենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն, որի գործառույթների մեջ մտնում է հենց այդ գործոններով պայմանավորված առողջության վրա ազդեցության ուսումնասիրությունը: Մենք, իհարկե, շահագրգռված ենք, որ ցանկացած հանք՝ բաց֊փակ, մետաղական, քարի, սկսած տուֆի հանքերից վերջացրած ոսկու հանքերով՝ ունենան առավելագույնս ցածր կամ զրոյական ազդեցություն շրջակա միջավայրի, բնակչության առողջության վրա և մեր գործունեության իրականացման շրջանակներում մշտապես մշտադիտարկում ենք, օրինակ, ջրում առկա փոփոխությունները, օդում առկա փոփոխությունները և եթե տեսնում ենք, որ կա որևէ վտանգ, որը կարող է սպառնալ շրջակա միջավայրի բնակիչների առողջությանը, միջոցներ ենք ձեռնարկվում՝ դիմելով այն կառույցներին, որոնք կարող են դադարեցնել հանքի աշխատանքը:

Հարց․ - Օրինակ՝ եղե՞լ են այդպիսի նախադեպեր:

Թորոսյան․ - Նման նախադեպեր չեն եղել մինչև օրս:

Հարց․ - Այսինքն ստուգումները ցույց են տվել, որ այդ ռիսկերը չկա՞ն:

Թորոսյան․ - Եղել են դեպքեր, որ մենք դիմել ենք, ներկայացրել ենք ցուցանիշները, բայց դրանից հետո թե ինչ է տեղի ունեցել՝ ես այս պահին չեմ կարող ասել: Բայց մեր գործառույթները դրանում են կայանում: Եվ երկրորդը՝ երբ որ մենք ունենում ենք երկարատև հետազոտություններ՝ տարիների ընթացքում համեմատականներ, ապա մենք կարողանում ենք հետևություններ անել և ընդհանուր քաղաքականության մշակման վրա ազդել՝ ենթադրենք x կամ y տեսակի հանքի արդյունաբերության նպատակահարմարության վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Ամուլսարին, մենք ունենք հիմա մի փաստաթուղթ՝ եզրակացությունը, որը մեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ուսումնասիրել է, որպեսզի տա մասնագիտական կարծիք՝ ինստիտուցիոնալ: Որովհետև տեսեք՝ մենք այստեղ շատ հաճախ լսում ենք իռացիոնալ կարծիքներ՝ առանց հիմնվելու փաստերի վրա, և ընդհանրապես այս հարցը պետք է պարզել՝ մենք հարցը դիտում ենք էմոցիոնալ դաշտում, թե ռացիոնալ դաշտում: Եթե ռացիոնալ դաշտում ենք նայում՝ ապա խմելու ջրերի մասով, օդի աղտոտվածության մասով, Ջերմուկի թերմալ աղբյուրների մասով, Սևանա լճի մասով ապացույցներ, որ այդ հանքը, աշխատելու դեպքում, կազդի դրանց վրա բացասաբար՝ հետևաբար նաև մարդկանց վրա, այս պահին չկան: Բայց դա չի նշանակում, որ մեր գերատեսչությունը կամ այլ գերատեսչություններ՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, տեսչությունները անելիք չունեն, որովհետև ցանկացած հանք մշտադիտարկվում է և եթե որևէ պահի գալիս է իրական վտանգ, որ կարող է սպառնալ այդ տարածաշրջանի բնակիչներին կամ բնությանը, ապա կարող է կայացվել համապատասխան որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG