Մատչելիության հղումներ

ՔԿ-ն «Սեքյուրիթի Դրիմի» և «Էլլիփս Ջի Էյի» պաշտոնատար անձանց կալանավորելու միջնորդություն է ներկայացրել


Մայրաքաղաքում լուսացույցների և արագաչափերի սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության՝ երեկ ձերբակալված համահիմնադիր Ալեքսան Զաքարյանին, գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանին ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ առանձապես խոշոր չափերի խարդախության և նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար:

«Էլլիփսը» զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերումը, տեսանյութերի առանձնացումը և մշակումը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի դրիմը»:

Ամիսներ առաջ «Սեքյուրիթի դրիմի» նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը խոշոր չափերի յուրացման քրգործի շրջանակում ցուցմունք էր տվել այն մասին, որ ընկերության հիմնադիրները ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43-ը յուրացրել են։

Քննչական կոմիտեն արդեն մեղադրյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, դատարանը դեռ որոշում չի կայացրել, իսկ ահա նրանց պաշտպան Արշակ Կարապետյանը մեղադրանքը ենթադրությունների հիման վրա կառուցված է համարում:

«Այն մեղադրանքը, որ էդ անձինք միմյանց հետ համագործակցելով առանձնապես խոշոր չափերի գումար են խարդախությամբ հափշտակել պետությունից, ըստ էության, որևէ ապացույց և փաստական հիմնավորում չի դրվել մեղադրանքի շրջանակում որպես հիմք

Պաշտպանը մեղադրյալներին ձերբակալելն անհիմն է համարում, ասում է, որ քննիչն այդ որոշումը հիմնավորել է նրանց հետագայում փախուստի դիմելու և վարույթն իրականացնող մարմնին չներկայանալու մտավախությամբ, Կարապետյանի խոսքով՝ ինքը քննչական մարմնին բազմիցս միջնորդություններ է ներկայացրել իր պաշտպանյալներին հարցաքննության հրավիրելու համար, սակայն ոչ մի անգամ հրավեր չեն ստացել, ուստի իր պաշտպանյալների փախուստի հավանականությունը տրամաբանական չի համարում:

«Եթե մարդը ինքը ցանկանում է ներկայանալ քննիչին, գնալ քննիչի մոտ ու հայտնել իրեն հայտնի հանգամանքներ», - ասաց Արշակ Կարապետյանը։

Պաշտպանն «Ազատությանը» հայտնեց երեքն էլ մեղադրանքը չեն ընդունում. «Նույնիսկ մեղադրանքներում ձևակերպումներ կա, որ մեղադրյալների համար նույնիսկ հասկանալի չի»։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, թե «Էլլիփս»-ի ու «Սեքյուրիթի դրիմ»-ի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպում է դուրս գալ բողոքի ցույցի ի աջակցություն ձերբակալված Զաքարյանի։ «Էլլիփս Ջի Էյ» ընկերության տնօրեն Գոռ Զատիկյանը հայտարարություն է տարածել, ըստ էության, հերքելով այդ մասին լուրերը։

«Հորդորում ենք 2 ընկերությունների աշխատակիցներին՝ զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից, բողոքի ակցիաներից, դրանով իսկ չխափանելով ընկերությունների բնականոն աշխատանքը, որով կվտանգվի նաև ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Վստահ ենք, որ քննչական մարմինները քննությունը կիրականացնեն օբյեկտիվ, կգործեն օրինական և այդ պարագայում ներկայիս որոշակի խեղված արդարությունը կվերականգնվի», - հայտարարությունում նշել է Զատիկյանը։

Գոռ Զատիկյանը նաև հայտարարել է, թե ՃՈ-ից ստացված ամսական 70 միլիոն դրամից 43-ը հիմնադիրների կողմից յուրացնելու մասին «Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին տնօրեն Արամ Ղլեչյանի ցուցմունքը չի համապատասխանում իրականությանը։

Դե իսկ իր նախկին գործատուների յուրացումների մասին քննիչներին հայտնած Ղլեչյանն «Ազատության»-ը փոխանցեց, իր պաշտոնավարման ընթացքում հայտնաբերելով ապօրինությունները փորձել է դրանք վերացնել։

«Առաջարկել եմ պարոնայք Զաքարյաններին դադարեցնել այդ գործելաոճը և պետությունից անհիմն գումարներ չվերցնեն և չեն վերցրել, իմ պաշտոնավարման օրվանից մինչև ազատվելը ես էդ գումարները չեմ վերցրել, ինձնից հետո նորից վերցրել են էդ գումարները», - նշեց Ղլեչյանը։

Ղլեչյանն, ի դեպ, «Սեքյուրիթի դրիմ»-ի հետ կապված մեկ այլ գործով նույնպես մեղադրյալի կարգավիճակ ունի, նա էլ մեղադրվում է միանգամից 3 հոդվածներով՝ պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելու, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելու և գողություն կատարելու համար: Նրան ստորագրությամբ ազատ են արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG