Մատչելիության հղումներ

«Սեքյուրիթի Դրիմ»-ի համահիմնադիրը և նրա երկու գործընկերները կալանավորվեցին


Արագաչափ Երևանում, արխիվ
Արագաչափ Երևանում, արխիվ

Դատարանը բավարարել է Երևանում արագաչափերի և լուսացույցների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանին կալանավորելու միջնորդությունը: Նա իր երկու գործընկերների՝ նույն ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանի ու «Էլլիպս Ջի Էյ» ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանի հետ ձերբակալվել էր օգոստոսի 13-ին։ Այս անձինք մեղադրվում են առանձնապես խոշոր չափի խարդախության ու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու համար։

«Էլլիպս»-ը զբաղվում է անվտանգության սարքերի տեղադրմամբ, իսկ անվտանգության համակարգերի շահագործումը՝ խախտումների հայտնաբերումը, տեսանյութերի առանձնացումը և մշակումը Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ իրականացնում է «Սեքյուրիթի Դրիմ»-ը:

Այս քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ «Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ ընկերության հիմնադիրները Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոնը յուրացրել են։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է՝ նույն անձանց կողմից հիմնադրված «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ միմյանց միջև նույն ծառայությունների մատուցման վերաբերյալ կնքված պայմանագրի շրջանակում 2017 թվականի փետրվարից մինչև 2018-ի հունիս կազմել են փաստացի չիրականացված և չմատուցված ծառայությունների վերաբերյալ ամսական կտրվածքով կեղծ կատարողական ակտեր: Քրեական գործի շրջանակում պարզվել է պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը՝ այն կազմում է ավելի քան 210 միլիոն դրամ։

Ձերբակալվածների շարքն այսքանով չի սահմանափակվել՝ երեկ Քննչական կոմիտեն հայտնեց, որ սույն գործով ևս երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել։

Զաքարյանի, գլխավոր հաշվապահի և Էլլիփսի հաշվապահի պաշտպան Արշակ Կարապետյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց իր կարծիքը դատարանի որոշման վերաբերյալ․ - «Կալանքը բավարարելու մասով, կարծում եմ, հիմնավորված չի, պատճառաբանված չի»:

Կարապետյանի խոսքով դատարանում միջնորդությունների քննության ընթացքում մեղադրյալները խոսել են՝ տվել են իրենց պարզաբանումները, պատասխանել են դատարանի հարցերին, կրկին հերքել են մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG