Մատչելիության հղումներ

«Հյուսիս - հարավ» ավտոճանապարհի քրեական գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել


«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ավելի քան 550 կիլոմետր հատվածից վերջին 6 տարում ընդամենը 31 կիլոմետրն է շահագործման հանձնվել։ Նկատենք, որ այդ ժամանակահատվածում պետք է ավարտված լիներ ամբողջ ճանապարհի շինարարությունը։

Թե ինչու նման իրավիճակ ստեղծվեց, քննչական կոմիտեն ու մյուս գերատեսչություններն են փորձում պարզել՝ հարուցված քրեական գործի շրջանակում։ Արդեն 1000-ից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ նախկին պաշտոնյաններ։

Անցած տարի սեպտեմբերին հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում արդեն 5 անձի մեղադրանք է առաջադրվել, որից 2-ը կալանավորվել են, հետախուզում է հայտարարվել «Հյուսիս-հարավի» Տրանշ-1՝ Աշտարակ - Երևան - Արարատ և Տրանշ-2՝ Աշտարակ - Թալին հատվածներում շինարարական աշխատանքներն իրականացրած գլխավոր կապալառու իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության տնօրենի նկատմամբ։ Նա, ըստ Քննչական կոմիտեի, մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու համար։ Նույն մեղադրանք ավելի վաղ առաջադրվել էր ծրագրի շինարարության ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. և Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարին։

«Մեղադրանք է առաջադրվել աշխատանքների կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով շուրջ 1,8 միլիոն ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար», - նշում է Քննչական կոմիտեի ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:

Բացի այդ, «Կորսան Կորվիամ» ընկերությունը չի վճարել մոտ երկու տասնյակ ենթակապալառու ընկերություններին՝ իրականացրած աշխատանքների համար։ Ըստ այդ ընկերությունների, իսպանական ընկերությունն իրենց պարտք է ավելի քան 2 միլիարդ 276 միլիոն դրամ։

Իսկ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձանցից 3-ը, Սահակյանի փոխանցմամբ, մեղադրվում են փողերի լվացման համար․ - «Ենթակապալառու ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր տարբեր սխեմաների արդյունքում խուսափել են հարկերից և հարկերից խուսափելու արդյունքում ընկերությունից նվազեցված գումարները փողերի լվացման միջոցով օրինականացրել են և դուրս բերել օրինական շրջանառությունից»:

Քննչական կոմիտեում համոզված են, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործով հարցաքննվողների թիվը ևս մի քանի հարյուրով էլ կաճի։ Իսկ թե երբ կավարտվի նախաքննությունը, դեռ մոտավոր ժամկետ էլ չեն կարողանում նշել։ Ասում են՝ աննախադեպի ծավալների նյութեր են քննում։ Սահակյանի խոսքով, քրեական գործի տրցակները մի ամբողջ սենյակ կարող են զբաղեցնել։

Քրեական գործով հարցաքննվել է նաև «Հյուսիս-հարավի» շինարարության մեկնարկի ժամանակ պաշտոնավարած Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Այս պահին, ի դեպ, շինարարություն է իրականացվում միայն Տրանշ 3-ում՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի հատվածում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG