Մատչելիության հղումներ

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 713 մլն դրամի փոխառությունը անհիմն մարվել է Երևանի բյուջեից, հարուցվել է քրգործ․ դատախազություն


Վճարովի ավտոկայանատեղ Երևանում, արխիվ
Վճարովի ավտոկայանատեղ Երևանում, արխիվ

Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքերի առթիվ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին:

Հաղորդագրության համաձայն, Ոստիկանության Երևանի վարչությունում նյութերը նախապատրաստվել են դատախազի հանձնարարությամբ՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը նվիրատվությամբ Երևանի քաղաքապետարանին հանձնելու և դրա հետագա գործունեության ընթացքում չարաշահումների վերաբերյալ քաղաքապետարանից Երևանի դատախազությունում ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում:

Պարզվել է, որ 2016 թվականի նոյեմբերին Երևանի քաղաքապետարանը բանակցություններ է վարել «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲ ընկերությունների կոնսորցիումի հետ՝ վճարովի ավտոկայանատեղերի տեղական տուրքի գանձման արդյունքում առաջացող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը համայնքային կառույցներին անցնելու հարցի վերաբերյալ: Բանակցությունների վերաբերյալ արձանագրությամբ սահմանվել է, որ Երևան համայնքն ընդունում է ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնեմասի նվիրատվությունը՝ ստանձնելով դրա ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը միայն «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով իր կատարած ներդրումները, ակտիվներն ու պարտավորությունները գնահատելուց հետո: Մինչդեռ բանակցային պայմանավորվածության խախտմամբ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս»-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1 միլիարդ 788 միլիոն դրամը, ինչից հետո Երևանի ավագանու 2016-ի դեկտեմբերի 21-ի որոշմամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասը որպես նվիրատվություն փոխանցվել է քաղաքապետարանին, ասված է հաղորդագրությունում: Ավագանու նույն որոշմամբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվել «Լոկատոր»-ին:

«Պարզվել է, որ նվիրատվության գործընթացում «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ակտիվների իրական արժեքը,չի համապատասխանում իրականությանը, այն ավել է նշվել 1.051.113.700 մլն ՀՀ դրամով», - հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ արդյունքում քաղաքապետարանը, նման պարտավորություն չունենալով, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018 թվականների ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713 միլիոն դրամի վարկի մարում:

«Բացի այդ, պարզվել է, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, 2017-2018թթ. և 2019 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ընկերության աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկման արդյունքում վերջիններիս աշխատավարձերի հավելագրումներ կատարելու, տրանսպորտային միջոցներն առանց վերանորոգելու այդ նպատակով գումարներ դուրս գրելու և փաստացի չշահագործվող ավտոմեքենաներին հատկացված վառելիքի համար գումարներ փոխանցելու միջոցով, յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր՝ 20.714.515 ՀՀ դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG