Մատչելիության հղումներ

«Հայանտառ»-ի պաշտոնատար անձանց կողմից պետությանը պատճառվել է 131 մլն դրամի վնաս


Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք 2006-2018 թվականների ընթացքում, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, սահմանված ժամկետում հայցեր հարուցելու, անհիմն դատական ակտերը բողոքարկելու, ինչպես նաև հայցը բավարարելու մասին օրինական ուժ ստացած դատական ակտերը կատարման ներկայացնելու պարտականությունները չեն կատարել, որի արդյունքում պետությանը պատճառել են 131 միլիոն 146 հազար 423 դրամի նյութական վնաս:

Դեպքի առթիվ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

«Միաժամանակ 145 մլն. ՀՀ դրամի չափով պայմանագրային պարտավորությունները չկատարած շուրջ 100 վարձակալներից վնասն ամբողջությամբ հատուցելու, ինչպես նաև արձանագրված թերությունները վերացնելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ նախապատրաստվում է հաղորդում», - ասված է Դատախազության հայտարարությունում:

Դատախազությունը պարզաբանում է, որ դեռևս 2016 թվականին Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից պետական անտառային ֆոնդի հողերը վարձակալության տրամադրելու վերաբերյալ Գյուղատնտեսության նախարարության ներքին աուդիտի հաշվետվությունները, ինչպես նաև դրա հիմք հանդիսացող փաստաթղթերի պատճենները:

Պարզվել է, որ վարձավճարների չափերը սահմանելու և պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու, ինչպես նաև չվճարված վարձավճարները գանձելու գործընթացում առկա են մի շարք թերություններ և խախտումներ, որոնք վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Գլխավոր դատախազի կողմից ներկայացվել է հաղորդում Գյուղատնտեսության նախարարին:

«ՀՀ գլխավոր դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության վարչությանը հանձնարարվել է պարբերաբար հետևելաշխատանքների կատարման ընթացքին: Սակայնաշխատանքների կատարման ընթացքի մասին ստացված միջանկյալ, իսկ 2019թ. մարտի 22-ին ներկայացված ամփոփ տեղեկություններիուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից անցած ժամանակահատվածում օրենքով նախատեսված գործուն միջոցներ չեն ձեռնարկվել պետության և ՊՈԱԿ-ի իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

ՊՈԱԿ-ում նախաձեռնվել է 2006-2018 թվականների պետական անտառային ֆոնդի հողերի վարձակալման գործընթացին, այդ թվում՝ վարձակալության պայմանագրերի կնքմանը, վարձավճարների գանձմանը, հայցերի հարուցմանը, դատական գորընթացներին և կատարողական վարույթներին առնչվող փաստաթղթերի մեծածավալ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ արձանագրված խախտումները ոչ միայն չեն վերացվել, այլև ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց վարքագծում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնցով պետությանը պատճառվել է նյութական վնաս:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG