Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն իր ֆրանսիացի գործընկերոջ պահվածքը լկտիություն է որակում


Մևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու

Փարիզն ու Անկարան դիվանագիտական սկանդալի շեմին են. այս անգամ պատճառը սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության հետաքննությունն է, որի շուրջ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին իրարամերժ տեղեկություններ են հաղորդում:

Սկանդալը ծագեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի երեկ France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո, որում ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը բառացիորեն հերքում էր Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ավելի վաղ արած այն պնդումը, թե թուրքական հատուկ ծառայությունները իրենց արևմտյան գործընկերներին, այդ թվում ֆրանսիացիներին են փոխանցել Ջամալ Հաշոգիի սպանության ձայնագրությունը:

Ըստ թուրքական աղբյուրների, այդ ձայնագրությունից պարզ է դառնում, որ ընդդիմադիր լրագրողը խեղդամահ է արվել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց անմիջապես հետո: Հաշոգիի սպանությունն ընդհանուր առմամբ տևել է 7 րոպե:

«Եթե Թուրքիայի նախագահը [Հաշոգիի սպանության] մասին որևէ տեղեկատվությունը ունի, նա պետք է տրամադրի մեզ», - նշել է Ֆրանսիայի ատգործնախարարը: Իսկ լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք Էրդողանը ստում է, պատասխանել է․ - «Դա նշանակում է, որ այս համատեքստում Էրդողանը որոշակի քաղաքական խաղ է խաղում»:

Անկարայի պատասխանը չուշացավ: Երկուշաբթի երեկոյան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հակադարձեց իր ֆրանսիացի գործընկերոջը` Էրդողանի քաղաքական խաղերի մասին նրա պնդումը «լկտիություն» որակելով:

«Ես չեմ զարմանա, եթե շուտով Ֆրանսիան ընդհանարապես որոշի հերքել [Հաշոգիի] սպանության փաստը, թեև Սաուդյան Արաբիան արդեն իսկ խոստովանել է: Ընչաքաղցությունը անեծք է», - հայտարարել է Չավուշօղլուն` ակնհայտորեն ակնարկելով, որ Հաշոգիի սպանության հարցում Փարիզի զգուշավոր դիրքորոշման գլխավոր պատճառը այն տնտեսական օգուտներն են, որ քաղում է այդ երկիրը Սաուդյան Արաբիայի հետ սերտ համագործակցությունից:

Ֆրանսիան Սաուդյան Արաբիային վաճառած սպառազինությունների ծավալով զիջում է միայն Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային: 2015-ի ամռանը Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը և այն ժամանակ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող ներկայիս թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը շուրջ 12 միլիարդ դոլար ընդհանուր ծավալի պայմանագրերի փաթեթ կնքեցին: Դրանով Սաուդյան Արաբիան ֆրանսիական արտադրության 23 ռազմական ուղղաթիռ էր գնում, ինչպես նաև պարտավորվում էր թագավորության տարածքում կառուցվող երկու միջուկային ռեակտորների շինարարությունն իրականացնել բացառապես ֆրանսիական տեխնոլոգիաների հիման վրա:

Նույն տարվա աշնանը Էր-Ռիյադը Ֆրանսիական ռազմաարդյունաբերական համալիրի ընկերություններից 600 միլիոն եվրոյով թվով 30 պարեկային ռազմանավեր պատվիրեց: Կողմերը նաև ֆրանսիական արտադրության հետախուզական արբանյակների ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության եկան, ինչպես նաև ֆրանսիական ընկերություններին հնարավորություն տրվեց մասնակցել սաուդյան չորս խոշորագույն քաղաքների ենթակառուցվածքային բարեփոխումների ծրագրի իրագործմանը: Միայն մայրաքաղաք Էր-Ռիյադում տրասպորտային նոր համակարգի ներդրման համար Սաուդյան Արաբիայի իշխանությունները պատրաստ էին ֆրանսիական ընկերություններին շուրջ մեկ միլիարդ եվրո վճարել:

Այս ամենի ֆոնին Հաշոգիի սպանության հարցում Ֆրանսիայի զգուշավոր մոտեցումը թերևս հասկանալի է: Այլ հարց է, որ դրա հետևանքով Փարիզը հայտնվել է մեկուացման մեջ, քանի որ արևմտյան առաջատար պետություններից միակն է, որ ոչ միայն կտրուկ հայտարարություններով հանդես չի գալիս, այլև պնդում է, թե թուրքական կողմը չի կիսվում Հաշոգիի սպանության մանրամասներով:

Ի տարբերություն Ֆրանսիայի ղեկավարության` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշում է․ - «Կանադական հատուկ ծառայությունները ծանոթ են թուրքական կողմի տրամադրած իրեղեն ապացույցներին»:

«Կանադական հետախուզական գործակալությունները այս հարցում սերտորեն համագործակցում են թուրքական հետախուզության հետ: Կանադական կողմին Թուրքիան արդեն իսկ փաստեր է տրամադրել: Այո, մեր հատուկ ծառայությունները լսել են Հաշոգիի սպանության ձայնագրությունը: Անձամբ ես [ձայնագրությունը] չեմ լսել», - հավելել է Թրյուդոն:

Շարունակվող հետաքննության ֆոնին Էր-Ռիյադ էր ժամանել նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: Թագավոր Սալմանի և թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ հանդիպումներից հետո բրիտանական դիվանագիտության ղեկավարը նշել է․ - «Ես շատ անկեղծ եմ խոսել`արտահայտելով մեր մտահոգությունները, և ընդգծելով, թե որքան կարևոր է մեր սաուդցի ռազմավարական դաշնակիցների համար այն ըմբռնումը, որ նման բան այլևս չի կարող կրկնվել: Այս առումով առաջին, բայց ոչ միակ քայլը պետք է լինի թե՛ սպանության անմիջական հեղինակներին և թե՛ պատվիրատուներին պատասխանատվության կանչելը»:

XS
SM
MD
LG