Թուրքիայի իշխանությունները փորձում են պարզել, թե ով է արձակել սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Հաշոգի) սպանության հրահանգը: Այդ մասին այսօր Անկարայում «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուատ Օգթայը:
«Թուրքիան շատ լուրջ է վերաբերվում այդ սպանությանը: Կա հաղորդագրություն այն մասին, որ Խաշոգջիի դին ոչնչացրել են ծծմբաթթվով, մենք պետք է պարզենք այդ հանգամանքը», - ասել է փոխնախագահը:
«Սաբահ» պարբերականը երկուշաբթի օրը գրել է, թե Խաշոգջիի սպանության 9-րդ օրը Սաուդյան Արաբիայից Ստամբուլ է ժամանել մի թիմ, որի կազմում են եղել քիմիկոս և թունաբան: Այդ խմբի խնդիրն էր ոչնչացնել լրագրողի դին և թաքցնել սպանության ապացույցները:
Ջամալ Խաշոգջին քննադատել է Սաուդյան Արաբիայի թագավորության վարած քաղաքականությունը: Հոկտեմբերի 2-ին նա փաստաթղթեր ստանալու նպատակով մտել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, որտեղ սպանվել է:
Անկարան համոզված է, որ լրագրողին սպանել են Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ղեկավարների հրամանով:
Այդ գործով կա 18 կասկածյալ: Թուրքիան պահանջում է նրանց արտահանձնումը, սակայն Սաուդյան Արաբիան մերժում է պահանջը:
Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է սպանությունը և պահանջել է բացահայտել ու պատժել մեղավորներին:
Թուրքիայի նախագհահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ տեղի է ունեցել միտումնավոր և մանրամասն ծրագրված սպանություն։