Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջինա Հասփելը Թուրքիայում ստացել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի (նաև՝ Խաշոգի, Խաշոգջի) սպանության մասին վկայող ձայնագրությունը լսելու հնարավորություն: Այդ մասին այսօր հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության և Թուրքիայի հետախուզության գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այդ հաղորդագրությունը:
Սաուդցի ընդդիմադիր լրագրող Հաշոջին անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո:
Թուրք իրավապահները պնդել են, որ լրագրողին հյուպատոսարանում սպանել են` ասելով, որ կա այդ իրողությունն ապացուցող տեսա և ձայնագրություն:
Սաուդցիները նախ հերքել են անհետացման հետ առնչություն ունենալոու լուրերը, սակայն հետագայում խոստովանել են, որ Հաշոջին սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, երբ փորձել է փախուստի դիմել:
Թուրք իրավապահները պնդում են, որ Հաշոջիին սպանել են այդ նպատակով Սաուդյան Արաբիայից ժամանած հատուկ թիմի անդամները, ովքեր գործել են բարձրաստիճան սաուդցիների կարգադրությամբ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և թագաժառանգ Մուհամադ բին Սալմանը հերքել են սպանության հետ կապ ունենալու լուրերը, դատապարտել են սպանությունը և ցավակցություն են հայտնել լրագրողի ընտանիքին:
Ջամալ Հաշոջին ժամանակին հեռացել է Սաուդյան Արաբիայից և ապաստանել է ԱՄՆ-ում: Նա հայտնի էր Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հրապարակումներով: