Թուրքական իշխանությունների պնդմամբ՝ հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցելության ընթացքում անհետացած սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին (Խաշոգջի) խեղդամահ է արվել:
«Դա տեղի է ունեցել Հաշոգիի` դիվանագիտական ներկայացչություն մուտք գործելուց անմիջապես հետո», - հաղորդել են թուրքական դատախազության ներկայացուցիչները` պնդելով, որ սպանությունից անմիջապես հետո լրագրողի դին մասնատվել է և ոչնչացվել: «Դա տեղի է ունեցել հենց հյուպատոսության տարածքում», - չորեքշաբթի երեկոյան լրատվամիջոցներին են փոխանցել թուրք իրավապահները:
Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ հավաստիացնում էր, թե տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին, և միայն նախանցած շաբաթավերջին Էր-Ռիյադը խոստովանեց, որ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ձեռնամարտի ընթացքում: