Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում Ջամալ Հաշոգիի սպանությունը պետք է ամբողջությամբ բացահայտվի:
«Էրդողանը և Թրամփը համաձայնել են, որ Հաշոգիի գործը պետք է ամեն առումով բացահատվի», - հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի գրասենյակը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հոկտեմբերի 23-ին հրապարակելու է սպանության մասին «մերկ ճշմարտությունը»:
Թրամփն էլ քննադատել էր լրագրող Ջամալ Հաշոգիի մահվան վերաբերյալ Սաուդյան Արաբիայի բացատրությունները՝ ասելով, որ «ակնհայտորեն կա խաբեություն և սուտ»:
Սաուդյան իշխանությունների կոշտ քննադատը, ով մեկ տարի առաջ ինքնակամ աքսորի է դիմել՝ հաստատվելով ԱՄՆ մայրաքաղաքում, հոկտեմբերի 2-ին այցելել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, ինչից հետո նրան ոչ ոք այլևս չի տեսել: Միայն անցած շաբաթվա վերջին Սաուդյան Արաբիայի իշխանությունները հաստատեցին Ջամալ Հաշոգիի սպանությունը: