Մատչելիության հղումներ

Էրդողան. Սաուդցի լրագրողի սպանությունը մանրամասն ծրագրված էր


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, Անկարա, 23-ը հոկտեմբերի, 2018թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, Անկարա, 23-ը հոկտեմբերի, 2018թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի (նաև՝ Խաշոգի, Հաշոգի) սպանությունը «մանրամասն ծրագրված էր օրեր առաջ»:

Այսօր ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խոհրդարանական խմբակցության հավաքում՝ Էրդողանն ասել է, որ սաուդցի գործակալների թիմը Ստամբուլ էր ժամանել լրագրողի սպանությունից մեկ օր առաջ:

The Washington Post օրաթերթի սյունակագիրն անհետացել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մուտք գործելուց հետո: Խաշոգջին հյուպատոսարան է գնացել իր ամուսնության համար անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու նպատակով:

Էրդողանի փոխանցմամբ, սաուդցի 15 գործակալներ այդ օրը մտել են հյուպատոսարան, նրանցից երեքը նաև մեկնել են Ստամբուլի արվարձանում գտնվող «Բելգրադ» անվամբ անտառ՝ զննելու տեղանքը:

Սաուդյան Արաբիան շաբաթներ շարունակ հավաստիացրել է, որ տեղեկություն չունի լրագրողի ճակատագրի մասին, բայց օրերս Էր-Ռիյադը խոստովանել է, որ լրագրողը սպանվել է հյուպատոսարանում տեղի ունեցած ձեռնամարտի ընթացքում:

Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները պնդում են, թե լրագրողը սպանվել է, երբ հյուպատոսարանում միջադեպը «դարձել է անվերահսկելի»:

Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պարտավոր է բացահայտել լրագրողի սպանությանը առնչություն ունեցող բոլոր մարդկանց՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, և պնդել է, որ մեղադրյալների դատավարությունը պետք է տեղի ունենա Ստամբուլում:

Էրդողանն ասել է, որ Խաշոգջին դաժան սպանության զոհ է դարձել, և այդ հանցագործությունը պարտակելու փորձերն անընդունելի կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG