Մատչելիության հղումներ

Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ է եղել, երբ փորձել է փախուստի դիմել․ «Ռոյթերզ»


Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ է եղել, երբ փորձել է փախուստի դիմել Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանից, այնուհետև նրա մարմինը փոխանցել են տեղացիներից մեկին, որպեսզի ազատվեն հանցանշաններից, հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Սա սաուդցի լրագրողի սպանության բազմաթիվ վարկածներից մեկն է: Մինչ այդ թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով քննությանը մոտ կանգնած աղբյուրները, հայտնել էին, որ սաուդական թագավորության քննադատին դաժանաբար սպանել են՝ մասնատել: Հանցագործությունը կատարելու համար Էր-Ռիյադից մի քանի ժամով Ստամբուլ են ժամանել մի խումբ սաուդցի պետական ծառայողներ՝ այդ թվում թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի թիկնազորի անդամներ:

Սաուդյան իշխանությունները նախ հայտարարել էին, թե տեղեկություններ չունեն Ջամալ Հաշոգիի ճակատագրի մասին, ապա հավաստիացրել, թե լրագրողը հյուպատոսարան մտնելուց քիչ անց հետնամուտքով լքել է շենքը: Անցած շաբաթավերջին Սաուդյան Արաբիան ի վերջո հաստատեց Հաշոգիի մահը, հայտարարելով, սակայն, թե նա սպանվել է ծեծկռտուքի հետևանքով: Ըստ թագավորության պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 2-ին Հաշոգին ծեծկռտուք է հրահրել հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ, որի ժամանակ սպանվել է: Հաղորդվեց 18 ձերբակալվածի և երկու պաշտոնանկության մասին:

Նախօրեին ամերիկյան FOX հեռուստաընկերության հետ զրույցում Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ահմեդ ալ Ջուբեյրը ցավակցություն է հայտնել լրագրողի ընտանիքին և մերձավորներին՝ տեղի ունեցածը որակելով որպես «մեծ սխալ»:

«Դա սարսափելի սխալ է, սարսափելի ողբերգություն, ցավակցում ենք նրանք և կիսում ցավը», - ասել է թագավորության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Ջուբեյրը, ով առ այժմ միակ սաուդցի պաշտոնյան է, որ հրապարակային մեկնաբանում է սաուդական կառավարության կոշտ քննադատի սպանությունը, նաև հավելել է. - «Ցավոք մեծ և լուրջ սխալ է տեղի ունեցել և ես հավաստիացնում եմ, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Միջազգային հանրությունը` այդ թվում Եվրամիության անդամ առաջատար երկրները, Միացյալ Նահանգները, Ավստրալիան, Կանադան, շտապեցին հայտարարել, որ բավարարված չեն Սաուդյան Արաբիայի պաշտոնական վարկածից՝ կասկածի տակ դնելով ծեծկռտուքի վարկածը և պահանջելով մանրակրկիտ հետաքննություն անցկացնել և ազնվորեն խոստովանել սպանության բոլոր հանգամանքները:

Անկարան առ այժմ պաշտոնապես չի մեղադրել Սաուդյան Արաբիային լրագրողի սպանության մեջ, սակայն հայտարարում է, որ ձայնագրություններ և տեսագրություններ ունեն, որոնք փաստում են, որ Ջամալ Հաշոգին սպանվել է հյուպատոսարանում սաուդցի գործակալների կողմից:

Միևնույն ժամանակ արևմտյան առաջնորդները չեն շտապում խոսել նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի դեմ լուրջ պատժամիջոցների մասին: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը անցյալ շաբաթ խոստովանել է՝ զենքի մատակարարումները դադարեցնելը կվնասի Նահանգներին: Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նույնն է կրկնել՝ վաղաժամ համարելով պատժամիջոցների շուրջ խոսակցությունները:

Այժմ գլխավոր հարցերից է՝ որտեղ է Հաշոգիի մարմինը:

«Ռոյթերզի» տվյալներով սպանությունից հետո նրա մարմինը փաթաթել են կարպետով և դուրս հանել հյուպատոսարանի տարածքից: Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը հայտնում է, որ սաուդական հյուպատոսարանի աշխատակիցները, փորձելով ոչնչացնել լրագրողի սպանության հետքերը, Հաշոգիին արտաքնապես նման մի անձի հագցրել են լրագրողի հագուստը, անգամ կեղծ մորուք կպցրել և դուրս թողել շենքից, որպեսզի հետագայում համոզեն, որ լրագրողը լքել է հյուպատոսարանի շենքը: Թուրքական իշխանությունները պարզել են այդ անձի ինքնությունը՝ նա հյուպատոսարանի աշխատակից Մուստաֆա ալ-Մադինին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG