Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնն ասել է, որ Սոլսբերիում հայր և դուստր Սկրիպալների թունավորումը սթափեցրել է մեծ թվով երկրների կառավարություններին, որոնք այլևս չեն կարող աչք փակել Մոսկվայի արարքների վրա:
Աշխարհը վերջապես հասկացել է, թե ում հետ գործ ունի: Ռուսաստանի պետությունը հատել է մի սահման, որը, թվում էր, չէր կարելի անցնել: Եվ հիմա աշխարհի տարբեր երկրներից արտաքսում են ռուս դիվանագետներին:
«Դա ցանկություն է ուղղել սխալը, ասել՝ Ռուսաստա՛ն, հերիք է, վե՛րջ», - նշել է Ջոնսոնը:
Այսօրվա դրությամբ արդեն 22 պետություն է ընդունել ռուս դիվանագետներին արտաքսելու որոշում: Ահա ցանկը. Բրիտանիան 23 դիվանագետ է վտարել, Կանադան՝ 4, ևս 3-ին աշխատանքի տեղավորելու դիմումները մերժվել են: Ուկրաինան՝ 23, Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը՝ 4-ական, Չեխիան և Լիտվան՝ 3-ական, Իսպանիան, Հոլանդիան, Դանիան, Իտալիան, Ալբանիան, Ավստրալիան՝ 2-ական, Հունգարիան, Շվեդիան, Խորվաթիան, Ռումինիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Էստոնիան, Լատվիան, Մակեդոնիան՝ 1-ական:
Ռեկորդը սահմանել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի նախագահ Դոնալդ Թրամփի ընտրության հետ Ռուսաստանի քաղաքական շրջանակներում ժամանակին մեծ հույսեր են կապել․ Վաշինգթոնը երեկ հայտարարել է 60 դիվանագետի վտարելու մասին, ընդ որում նրանցից 12-ը ՄԱԿ-ում հավատարմագրված դիվանագետներն են:
Այդ իրավիճակին անդրադարձել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին․ - «Երբ այդպիսի լրտեսական մարտավարություն ես տեսնում այստեղ՝ ճիշտ Միավորված ազգերի կազմակերպության սրտում, չես կարող դա հանդուրժել: Եվ խոսքը միայն մեր մասին չէ, մեծ թվով երկրներ են հայտարարում, որ այդօրինակ գործունեությունը պետք է դադարեցվի: Այդպիս բան մենք ուրիշ տեղերում չենք անում, և չենք կարող հանդուրժել: Դժբախտաբար, այսօր Ռուսաստանը պատասխանատվության է ենթարկվում շատ բաների համար, և պահն է, որ նրանք զգաստանան»:
Վտարումների մասին խոսել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը․ - «Ստանալով լուրը, ես անմիջապես իմ վճռական բողոքն եմ հայտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների անօրինական որոշման համար: Ես ընդգծում եմ, որ առայսօր չկա լոկ մեկ փաստ, որը կապացուցեր Ռուսաստանի առնչությունը Սկրիպալների թունավորման գործին կամ միջամտությունն այդ գործով տարվող հետաքննությանը»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Փոլ Ռայանը երեկ Պրահայում «Ազատության» կենտրոնակայանում ասել է, որ դիվանագետների զանգվածային արտաքսումը ճիշտ որոշում է․ - «Այդ կոնկրետ գործում ապացույցները հստակ են, կարծում եմ, բրիտանացիները շատ պարզ են ներկայացրել իրենց խնդիրը: Դա մի բան է, որ ռուսները վաղուց են անում, հիմա էլ արել են, և դա չի կարելի հանդուրժել, դա մի բան է, որը քաղաքակիրթ պետությունները չեն անում»:
Ռուս նախկին լրտես 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նա 33-ամյա դստերը՝ Յուլիային, մարտի 4-ին թունավորել են «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով:
Լոնդոնը պնդում է, որ դա սպանության փորձ էր, և պատասխանատուն հենց Կրեմնլ է:
Ռուսաստանը կտրականապես հերքում է կապը թունավորման հետ: Մոսկվան հայտարարել է, որ առաջիկա օրերին կընդունի համարժեք հայելային պատասխան իր դիվանագետներին արտաքսած յուրաքանչյուր պետության նկատմամբ:
«Անպայման կպատասխանենք: Չկասկածեք, որովհետև նման լկտիություն ոչ ոք չի հանուրժում», - այսօր ասել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը: