Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրոպական միության երկրների ղեկավարներին փորձում է համոզել՝ միասնական դիրքորոշմամբ հանդես գալ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման հարցում ու այդ միջադեպի համար մեղադրել Մոսկվային: Ենթադրվում է, որ Բրյուսելն այդ կապակցությամբ կընդունի կոշտ հայտարարություն, սակայն Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների տարբերակ չի քննարկի:
Հայր և դուստր Սկրիպալներին թունավորել են նյարդա-պարալիտիկ նյութով, որը հայտնի է «Նովիչոկ» անվամբ․ այն խորհրդային տարիներին ստեղծվել է ԽՍՀՄ բանակի ու հատուկ ծառայությունների համար: Եվրամիությունը կարող է պաշտոնական հայտարարություն ընդունել միայն կոնսենսուսի տարբերակով, մինչդեռ, ըստ փորձագետների, Ռուսաստանի հետ լավ կապեր ունեցող եվրոպական առանձին երկրների ղեկավարներին մտահոգել է Բրիտանիայի վարչապետի առաջարկը:
Ռուսաստանից էներգակիրներ ստացող և ռուսների հետ տնտեսական գործարքներով կապված երկրներում, մասնավորապես, Հունգարիայում և Հունաստանում, չեն ցանկանա վտանգել հարաբերությունները Վլադիմիր Պուտինի վարչակազմի հետ: «Մեր ընդհանուր հաջողության գրավականը մեր միասնությունն է»՝ այս պատգամով է Մեյը դիմում եվրոպացիներին: Մի բարձրաստիճան անանուն բրիտանացի պաշտոնյա ասել է, որ Լոնդոնում ըմբռնում են այդ իրողությունը:
«Մենք չենք առաջարկում առճակատման գնալ ռուսների հետ կամ հետապնդել այնտեղ իշխանափոխության նպատակ: Մենք ընդամենն ասում ենք, որ հարկ է կողմնորոշվել և ընդունել, որ Ռուսաստանը ռազմավարական հակառակորդ է, այլ ոչ թե ռազմավարական գործընկեր»,- ասել է պաշտոնյան, որի անունը բրիտանական լրատվամիջոցները չեն հրապարակում: Լոնդոնի պնդմամբ՝ մարտի 4-ին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը Մոսկվան է կազմակերպել: Լոնդոնը հայտարարում է, որ Մոսկվան, փաստորեն, երկրորդ աշխարհամարտից հետո առաջին անգամ քիմիական զենք է կիրառել Եվրոպայում:
Այս միջադեպի և դրան հաջորդած զարգացումների արդյունքում Բրիտանիան արտաքսել է 23 ռուս դիվանագետների, ովքեր, ըստ Լոնդոնի, լրտեսությամբ են զբաղվել: Ի պատասխան՝ Մոսկվան որոշել է արտաքսել 23 բրիտանացի դիվանագետների և չեղարկել է Սանկտ Պետերբուրգում Բրիտանիայի հյուպատոսարանի բացումը, նաև կարգադրել է Ռուսաստանում փակել մշակութային առաքելություն իրականացնող Բրիտանական խորհուրդը:
Թերեզա Մեյը Բրյուսելում այսօր Եվրամիության ղեկավարներին հասցեագրված ուղերձում ասելու է, որ Մոսկվայի ռազմավարական նպատակն է քայքայիչ ակտիվությամբ խաթարել Արևմուտքի միասնությունը, հետևաբար՝ վտանգված է արևմտյան բոլոր պետությունների և ՆԱՏՕ-ի անդամների կայունությունը: Բրիտանացի դիվանագետ Էմմա Նոթինգհեմն ասել է, որ Լոնդոնը միջադեպից հետո Ռուսաստանի կառավարությանն առաջարկել է քննարկել այդ հարցը, սակայն ռուսների կողմից կառուցողական պատասխան այսօրվա դրությամբ չկա:
Ռուսաստանում կտրականապես հերքում են Սկրիպալների թունավորման հետ առնչություն ունենալու հանգամանքը և պնդում են, որ բրիտանացիներն այդ հարցի վերաբերյալ արժանահավատ փաստեր չեն ներկայացրել: Ռուսաստանի արտգործնախարարության սպառազինությունների չտարածման և հսկողության վարչության ղեկավար Վլադիմիր Երմակովը երեկ վրդովմունքով է խոսել Լոնդոնի դիրքորոշման մասին:
«Ռուսաստանի երկու քաղաքացիներ Բրիտանիայի տարածքում հարձակման են ենթարկվել, և ի՞նչ ենք լսում Լոնդոնից: Պարզվում է՝ Ռուսաստանն է հարձակում գործել: Այ քեզ բան, պարզվում է, որ դեռ Ռուսաստանն է նրանց ինչ-որ բան պարտք: Դա ի՞նչ է, ի՞նչ է նրանց գլխում կատարվում, ազնիվ խոսք, մենք չենք հասկանում: Մի բան հստակ է՝ մենք Բրիտանիային ներկայացնելու ոչինչ չունենք»,- ասել է Երմակովը:
Մինչդեռ, Լոնդոնի և Մոսկվայի հարաբերություններն օր-օրի շիկանում են: Երեկ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, խորհրդարանի ստորին պալատի արտաքին հարցերի հանձնաժողովում պատասխանելով օրենսդիրների հարցերին, զուգահեռ է անցկացրել Վլադիմիր Պուտինի և Ադոլֆ Հիտլերի միջև, ամռանը Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համեմատելով նացիստական Գերմանիայում 1936 թվականի օլիմպիական խաղերի հետ:
«Այո, կարծում եմ՝ դա ճիշտ համեմատություն է: Զզվելի է, երբ պատկերացնում ես, որ Պուտինը պետք է փառաբանի այդ մարզական միջոցառումը»,- ասել է Ջոնսոնը: Մոսկվայում այդ մեկնաբանությունն անվանել են «վիրավորական, նողկալի և անընդունելի»: