Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան կարգադրել է արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների:
Այսօր եվրոպական մի շարք երկրներում արտգործնախարարություններ են հրավիրել Ռուսաստանի դեսպաններին, ինչից հետո հաղորդվել է նմանօրինակ վճիռների մասին:
Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանն արտաքսում են 4-ական ռուսաստանցի դիվանագետ: Չեխիան՝ 3, Հոլանդիան և Իտալիան՝ 2-ական, Էստոնիան՝ 1: Կանադան նույնպես միացել է պատժամիջոցին և 4 դիվանագետ է վտարում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր Վարնայում, որտեղ գումարվել է Թուրքիայի և Եվրամիության գագաթնաժողովը, հայտնել է, որ ընդհանուր հաշվով Եվրամիության 14 պետություններ են ընդունել ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու որոշումներ:
«Առաջիկա շաբաթներին հնարավոր են լրացուցիչ որոշումներ, այդ թվում արտաքսումներ, մենք ամենայն խստությամբ դատապարտում ենք Ռուսաստանի կառավարության գործողությունները»,- ասել է Տուսկը:
Նա Վարնայում խոսել է նաև նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած դժբախտության մասին:
«Միաժամանակ եվրոպացիները ռուս ժողովրդի հետ սգում են Արևմտյան Սիբիրում՝ Կեմերովոյում ողբերգական հրդեհից զոհված մարդկանց համար», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահը:
Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ «Ամերիկայից ռուսաստանցի դիվանագետներին վտարելու որոշումը սխալ քայլ է, որն ավերում է ռուս-ամերիկյան կապերի մնացորդը»:
«RIA Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը վկայակոչել է Անտոնովին, ով ասել է, որ Մոսկվան կտա համարժեք պատասխան: «Ամերիկան միայն ուժ է հասկանում»,- հավելել է դեսպանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Reuters-ին փոխանցել է, որ առաջիկայում Մոսկվան կհրապարակի պատասխանը: Ռուսաստանցի դիվանագետների արտաքսումը Դաշնության արտգործնախարարությունն անվանել է «անբարյացակամ քայլ»:
«Պատասխանը համաչափ կլինի, մենք մեր դիրքորոշումը կհստակեցնենք առաջիկա օրերին: Յուրաքանչյուր երկիր իր չափով պատասխան կստանա», - ասել է արտգործնախարարության անանուն աղբյուրը:
Դեռ առավոտյան ենթադրվում էր, որ Վաշինգթոնը մոտ 20 դիվանագետ կարտաքսի, միանգամից 60-ին վտարելու որոշում քչերն են ակնկալել: Ակնհայտ է, որ Վաշինգթոնի և Եվրամիության քայլերը համակարգված են:
Այս լարվածությունը գոյացել է «Նովիչոկ» տեսակի ռազմական նշանակության նյարդապարալլիտիկ նյութով ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի՝ մարտի 4-ի թունավորումից հետո:
Ըստ Լոնդոնի, «շատ մեծ է հավանականությունը, որ Սկրիպալներին Մոսկվայի հրամանով են թունավորել»: Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքը:
Բրիտանիան արտաքսել է 23 ռուս դիվանագետի, ինչին ի պատասխան ռուսներն արտաքսել են նույն թվով բրիտանացի դիվանագետների, չեղարկել են Սանկտ Պետերբուրգում բրիտանական հյուպատոսարանի բացումն ու Ռուսաստանի տարածքում արգելել մշակութային ծրագրեր իրականացնող Բրիտանական խորհրդի գործունեությունը:
Լոնդոնի պնդմամբ՝ ռուսներն այս իրավիճակում փորձում են պառակտումներ առաջացնել:
Այդ հարցին այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գավին Ուիլյամսոնը․ - «Նախագահ Պուտինի նպատակն է վեճեր հրահրել ու պառակտել մեր դաշինքը: Դրան հակազդելու լավագույն միջոցն է դրսևորել ամբողջական և անսասան միասնություն, ցույց տալ, որ կա դաշինք, պաշտպանական դաշինք՝ ՆԱՏՕ-ն, որը մեծագույն խոչընդոտն է ռուսների ընդարձակման ճանապարհին: Կուռ և պինդ դաշինք․ սա է նախագահ Պուտին կողմից ցանկացած ագրեսիվ քայլին պատասխանելու առավել կենսական և կարևոր ուղին», - ասել է Ուիլյամսոնը:
Կիևը նույնպես համերաշխություն է հայտնել Լոնդոնին և այսօր հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսելու որոշման մասին: