Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս գիշեր դիմել է, ինչպես Կրեմլի պաշտոնական կայքում է նշված՝ «Նովոռոսիայի աշխարհազորայիններին»:
Իր հայտարարությունը Ռուսաստանի նախագահը սկսում է, արձանագրելով, որ Դոնբասի անջատականները մեծ հաջողությունների են հասել Կիևի ուժային գործողությունները կասեցնելու գործում:
Պուտինը նշում է, որ ուկրաինական բանակի զինծառայողները, ոչ իրենց մեղքով, հայտնվել են շրջապատման մեջ և Դոնբասի անջատականներին կոչ է արել մարդասիրական միջանցք բացել, որպեսզի ուկրաինացի զինծառայողները կարողանան հանգիստ դուրս գալ և վերադառնալ իրենց ընտանիքներ:
«Ռուսական կողմը իր հերթին պատրաստ է և ցուցաբերելու է հումանիտար օգնություն Դոնբասի բնակչությանը, որը տառապում է հումանիտար ճգնաժամից», - նաև ասված է ուղերձում:
Ռուսաստանի նախագահը պաշտոնական Կիևին նորից կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցային սեղանի շուրջ նստել Դոնբասի ներկայացուցիչների հետ՝ խաղաղ ճանապարհով կարգավորելու բոլոր կուտակված հարցերը:
Հիշեցնենք՝ ընդամենը երկու օր առաջ Մինսկում կայացել էր Պուտին – Պորոշենկո երկկողմ հանդիպումը, և անմիջապես այդ հանդիպումից հետո իրավիճակը Ուկրաինայում կտրուկ սրվել է:
Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի անջատականներին համարում են ահաբեկիչներ: