Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դաշնակիցներն ու հակառակորդները՝ ըստ Լավրովի


«Սելիգեր» երիտասարդական ճամբարում Ռուսաստանի արտգործնախարարը ներկայացրել է, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները։

Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանց փողկապի՝ սպորտային հագուստով, ելույթ է ունեցել «Սելիգեր» երիտասարդական ճամբարում։ Լավրովը պատմել է, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները, իսկ ովքեր՝ հակառակորդները։

Ուշագրավ է, հատկապես, Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայատարարությունը դաշնակիցների մասին. Ադրբեջանն, օրինակ, Ռուսաստանի դաշնակիցների ցուցակում չէ։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանի դաշնակիցներն են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, Եվրասիական միության անդամ երկրները, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամները և ԲՐԻԿՍ կազմակերպության անդամները։

Լավրովի խոսքով՝ իր դաշնակիցների հանդեպ պաշտոնական Մոսկվան բավականին հանդուրժող է և նորմալ է համարում, երբ, օրինակ՝ ՀԱՊԿ անդամ պետությունները տարբեր կարծիքներ են ունենում այս կամ այն հարցի շուրջ։

ՀԱՊԿ-ը համեմատելով ՆԱՏՕ-ի հետ՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ ՆԱՏՕ-ում բոլոր անդամները պետք է միաձայն լինեն, գոնե հրապարակավ, իսկ ՀԱՊԿ անդամ պետությունները միշտ չէ, օրինակ, որ քվեարկում են Ռուսաստանի օգտին. սա Մոսկվան նորմալ է համարում։

Լավրովի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ռուսաստանի դաշնակիցների կոորդինացված գործունեությանը միջազգային ասպարեզում խոչընդոտում են Միացյալ Նահանգներն ու Արևմուտքը ընդհանրապես։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ անդամ պետություններն են՝ ԲԵլառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Շանհայան կազմակերպության անդամներն են՝ Ղազախստանը, Ղրղըզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ռուսաստանը և Ուզբեկիստանը։ ԲՐԻԿՍ-ին Ռուսաստանից բացի անդամակցում են Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։

Սակայն, Սերգեյ Լավրովը երեկ «Սելիգերում» հավելել է, որ եթե չխոսենք, այսպես ասած, բլոկային դաշնակիցների մասին, այսօր Ռուսաստանի դաշնակիցներն են Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի պետությունների մեծ մասը։

Հիշեցնենք՝ մարտի 24-ին ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող և Ղրիմի հանրաքվեն անօրինական համարող բանաձևի դեմ՝ այսինքն Ռուսաստանի օգտին, քվեարկեցին միայն Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Զիմբաբվեն, Հյուսիսային Կորեան, Կուբան, Նիկարագուան, Սիրիան, Սուդանը և Հայաստանը։

XS
SM
MD
LG