Բրյուսելում օգոստոսի 29-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հանդիպումը, որi քննարկման թեման ուկրաինական ճգնաժամն է:
Օգոստոսի 28-ին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի բանակի առնվազն 1000 զինծառայողներ մասնակցում են Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող ռազմական գործողություններին և հրապարակել է անցած շաբաթ արված արբանյակային լուսանկարներ, որոնցում, Հյուսիսատլանտյան դաշինքի պնդմամբ, երևում է ռուսական ինքնագնաց հրետանային միավորների շարժը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ հայտարարել է, որ Ռուսաստանը վերապատրաստում, զինում և ֆինանսավորում է Ուկրաինայի ռուսամետ անջատականներին: Այդուհանդերձ, Միացյալ Նահանգների նախագահը բացառել է ԱՄՆ-ի ներգրավումը ռազմական գործողություններում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված արտակարգ հանդիպմանը Արևմուտքի ներկայացուցիչները վրդովմունք են հայտնել: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը հայտարարել է, թե Ռուսաստանը «շահարկել է, քողարկել է և ուղղակի ստել է»: Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը չի հերքել Ուկրաինայում ռուս զինծառայողների ներկայության մասին մեղադրանքները, բայց պնդել է, որ նրանք «կամավորականներ են»:
Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել էին, որ ռուսական զորքերը, տանկերի ուղեկցությամբ, գրավել են սահմանամերձ Նովոազովսկ քաղաքը: