Մինսկում այսօր կայացել է Մաքսային միություն - Եվրամիություն - Ուկրաինա գագաթնաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Եվրամիության ներկայացուցիչները:
Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հիմնական հարցերը. Ուկրաինայում քաղաքական ու հումանիտար ճգնաժամի կարգավորումը, Ուկրաինա - Եվրասիական միություն, Ուկրաինա - Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր:
Լրատվամիջոցները փոխանցում են, որ գագաթնաժողովի բացմանը Պուտինն ու Պորոշենկոն ձեռքսեղմումով ողջունել են միմյանց:
Իր խոսքում Ռուսաստանի նախագահը խոսել է այն վնասների մասին, որ կարող է իր երկրի տնտեսությունը, եթե Ուկրանան վավերացնի Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը՝ նշելով, թե միլիարդների վնաս է կրելու նաև Ուկրաինայի տնտեսությունը: Իսկ ՄՄ-ի գծով նրա դաշնակիցները՝ Նազարբաևն ու Լուկաշենկոն իրենց օգնությունն ու միջնորդությունն են առաջարկել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում:
Մասնավորապես, Բելառուսի նախագահն արդեն հայտարարել է, որ Մինսկը կարող է «միջնորդական հարթակ» լինել ճգնաժամը կարգավորելու հարցում: «Իրավիճակը պետք է շտկել, ոչ ոքի այս պատերազմը պետք չէ», - հայտարարել է Լուկաշենկոն:
Ղազախստանի նախագահը իր հերթին հայտարարել է, որ Մաքսային միությունը «նույնպես պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերի Ուկրաինայի արևելքի բնակչությանը»:
Հայտարարություն է արել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ նշելով, որ Ուկրաինայի հարցում Եվրամիության դիրքորոշումն անփոփոխ է: Նա հավելել է, թե Ուկրաինան պետք է լավ հարաբերություններ ունենա ինչպես Եվրամիության, այնպես էլ իր հարևանների հետ:
Երեկ, հիշեցնենք, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մինսկում Վլադիմիր Պուտինն անցկացնելու է մի շարք երկկողմ հանդիպումներ` չբացառելով նման հանդիպումը Ուկրաինայի նախագահի հետ:
«Այսօր Մինսկում որոշվում է Եվրոպայի ճակատագիրը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ կոչ անելով գագաթնաժողովի մասնակիցներին ընդունել Դոնբասում իրավիճակը կարգավորելու իր ծրագիրը:
Այդ ծրագրի մանրամասները, սակայն, հայտնի չեն:
Պորոշենկոն նաև հայտարարել է, թե պատրաստ է քննարկել խաղաղ կարգավորման ցանկացած առաջարկ:
Գագաթնաժողովի նախօրեին, հիշեցնեն, Ուկրաինայի նախագահն ասել էր, թե Մինսկի է գնում «խաղաղության համաձայնագրի համար»: