Մատչելիության հղումներ

Ուկրաինայի դեսպանը Ռուսաստանին մեղադրում է ապստամբներին զինելու և աջակցելու մեջ


«Ուկրաինան դրական է գնահատում Մինսկի հանդիպումը», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանը շեշտեց, որ Կիևը խաղաղության հաստատման ուղերձ է հղել թե՛ Եվրասիական միության անդամ երկրների ղեկավարներին` այդ թվում Ռուսաստանի նախագահ Պուտինին, և թե՛ եվրոպացի պաշտոնյաներին․ - «Գիտեք, որ գոյություն ունի Լուգանսկի և Դոնեցկի շրջանների հակամարտությունը կարգավորելու ծրագիր: Այսօր Ուկրաինայի ղեկավարությունը՝ առաջին հերթին նախագահը, գործի է դնում դիվանագիտական և հասարակական բոլոր ջանքերը, որպեսզի այնտեղ խաղաղություն հաստատվի: Դա է ամենակարևորը»:

Ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է Կիևը պատկերացնում հրադադարի ռեժիմի հաստատումը, եթե Ռուսաստանի նախագահը Մինսկում հայտարարեց, որ սա բացառապես Ուկրաինայի ներքին խնդիրն է, և Մոսկվան որևէ առնչություն չունի այս հարցի հետ, դեսպան Կուխտան հիշեցրեց, որ Պուտինը դա կրկնում է վերջին ամիսների ընթացքում․ - «Բայց, այնուամենայնիվ, Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում գրոհայինները կամ կամավորները, ինչպես նրանց անվանում են, մշտապես պատերազմում են ռուսական զենքով, ռուս-ուկրաինական չվերահսկվող սահմանով անընդհատ ժամանակակից ռազմատեխնիկա և վարձու գրոհային ուժեր են տրամադրվում նրանց: Վերջին շրջանում դա ընդունում են թե՛ Եվրամիության պաշտոնական ներկայացուցիչները և թե՛ Միացյալ Նահանգները` պետդեպարտամենտի հայտարարությունը եղավ այդ մասին: Նաև Ուկրաինան է հստակ ասում, որ գրոհայինների կողմից պատերազմում է Ռուսաստանի կանոնավոր բանակը»:

«Էլ ինչպե՞ս կարելի է հերքել այս փաստերը», - շարունակեց դեսպանը` վկայակոչելով թե՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, և թե՛ ուկրաինական հատուկ ծառայությունների ձեռք բերած տասնյակ ապացույցները:

Իվան Կուխտան չի կարծում, թե այս հակամարտությունը վերաճել է ռուս և ուկրաինացի ժողովուրդների միջև թշնամանքի․ - «Պատմականորեն այնպես է ստացվել, որ այս ժողովուրդները միշտ ապրել են, և 100 տոկոսով վստահ եմ, որ կշարունակեն ապրել եղբայրության և խաղաղության մթնոլորտում: Միայն կա մի քանի ռուս քաղաքական գործիչների դիրքորոշումը, բայց դա այլ իրավիճակ է»:

Դիվանագետը շարունակում է, թե, դատելով ռուսական հեռուստաեթերից, Ուկրաինական այսօր ֆաշիստական պետություն է, մինչդեռ անկախ մամուլին կամ առհասարակ աշխարհի լրատվամիջոցներին հետևելու դեպքում պատկերը տրամագծորեն հակառակն է:

Իվան Կուխտան վերջին անգամ հայրենիքում եղել է մայիսի վերջին՝ նախագահական ընտրությունների օրերին: Ասում է՝ այցի ժամանակ վերահաստատվել է տպավորությունը՝ Ուկրաինայի ողջ ժողովուրդն ընտրեց Եվրոպան, ոչ թե միայն պաշտոնյաները․ - «Այսօր Ուկրաինայում մեծամասնությունը՝ մոտավորապես 60-65 տոկոսը, բնականաբար, ուզում է ապրել Եվրոպայի հետ և ինտեգրվել Եվրամիությանը: Դա ցույց են տալիս վիճակագրական հարցումները: Դա ժողովրդի կամքի արտահայտությունն է, ինչի արդյունքը եղան Եվրամիության հետ ստորագրված ասոցիացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ տնտեսական կապերին, ապա Ուկրաինան մշտապես պատրաստ է հանդես գալ որպես գործընկեր՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով»:

Ուկրաինացի դիվանագետը ծնունդով երկրի արևմուտքից է՝ Իվանո-Ֆրանկովսկի շրջանից, կինը, մինչդեռ, Ղրիմի Յալթա քաղաքից է, որն այսօր Ռուսաստանի կազմում է:

«Դա մեզ ամենևին չի խանգարում համատեղ ապրել արդեն 28 տարի: Կարող եմ ասել՝ նրա վերաբերմունքը լիովին համընկնում է Ուկրաինայի տարածքում ապրող ողջ բնակչության դիրքորոշման հետ, ովքեր վստահ են, որ այդ բռնակցումը ապօրինի է: Դուք գիտեք մեր իշխանությունների, նախագահի ու քաղաքացիների դիրքորոշումը, որ դա Ռուսաստանի Դաշնության կողմից գրավված տարածք է: Ղրիմի բնակչության «կամարտահայտությունը» միջազգային բոլոր նորմերի ու իրավունքների խախտում էր, քանի որ ցանկացած տեսակի հանրաքվե պետք է անցկացվի միջազգային իրավունքի և միջազգային կառույցների սահմանած կանոններին համապատասխան: Իսկ մենք շատ լավ գիտենք, որ ՄԱԿ-ը այսօր չի ճանաչում Ղրիմի բռնակցումը: Փոխարենը՝ կա Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և այս հարցում որևէ առարկություն չի կարող լինել», - եզրափակեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան։

XS
SM
MD
LG