Մատչելիության հղումներ

Պորոշենկո. «Հարկավոր է շուտափույթ կերպով հրադադար հաստատել»


Պորոշենկո - Պուտին մինսկյան հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարում է շուտափույթ հրադադարի անհրաժեշտության մասին: Պաշտոնական Կիևն այս նպատակով անգամ պատրաստվում է առաջիկա օրերին հստակ գործողությունների դիմել:

«Խաղաղ կարգավորման ծրագրի հիման վրա ճանապարհային քարտեզ կմշակվի: Կփորձենք եռակողմ կոնտակտային խմբի միջոցով խորհրդակցություններն անցկացնել և հասնել հրադադարի շուտափույթ հաստատմանը: Հրադադարի ռեժիմի պահպանման ընթացքին կհետևի ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը: Ամեն դեպքում հրադադարը պետք է երկկողմ բնույթ կրի», -հայտարարել է Պորոշենկոն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական կողմի առաջարկներին դրական է արձագանքում` միաժամանակ նշելով, թե պաշտոնական Մոսկվան որևէ անմիջական առնչություն հրադադարի ռեժիմի հաստատմանն ունենալ չի կարող:

«Մենք՝ Ռուսաստանը, չենք կարող խոսել կրակի դադարեցման ինչ-որ պայմանների, Կիևի, Լուգանսկի և Դոնեցկի միջև ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին: Դա մեր գործը չէ, դա Ուկրաինայի ներքին խնդիրն է: Մենք կարող ենք միայն նպաստել վստահության մթնոլորտի ստեղծմանը այդ հավանական և, իմ կարծիքով, շատ անհրաժեշտ բանակցությունների ընթացքում», - նշել էր Պուտինը:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում պարզ է դարձել, որ խաղաղության հասնելու անհրաժեշտությունը եղել է այն եզակի թեմաներից մեկը, որի շուրջ կողմերը տարաձայնություններ չեն ունեցել: Այնուհանդերձ կան խնդիրներ, որոնք բանակցությունների ժամանակ Ուկրաինան մղում է առաջին պլան:

«Կարող եմ ասել, որ խաղաղ կարգավորման տրամաբանությունն արժանացավ բոլոր պետությունների ղեկավարաների հավանությանը` առանց որևէ բացառության: Մենք, սակայն, շատ կոշտ կերպով պահանջեցինք, որպեսզի ապահովվի Ուկրաինայի այն բոլոր քաղաքացիների անվտանգությունն ու ազատությունը, ովքեր անօրինական կերպով գտնվում են անօրինական զինված խմբավորումների ձեռքում», - հայտարարել է Պոշորենկոն:

Հարկ է նկատել, որ Մինսկում կայացած բանակցությունները բավական ինտենսիվ բնույթ են ունեցել: Սկզբում Մինսկի Անկախության պալատում կայացել է Պուտին - Պորոշենկո դեմ առ դեմ հանդիպումը, որ տևել է մոտ երկու ժամ, ապա մեկնարկել է Եվրահանձնաժողով - Մաքսային միություն - Ուկրաինա ձևաչափով կազմակերպված նիստը, որն ավարտվել է ուշ երեկոյան:

Բանակցությունների տանտիրոջ դերում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման ավարտին կայացած ասուլիսի ժամանակ թեև լավատեսորեն էր տրամադրված, բայց և այնպես արձանագրել է․ - «Բանակցությունների այս փուլի գլխավոր արդյունքը ոչ թե ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններն էին, այլ դրանց անցկացման փաստը»:

«Իհարկե, պետք է նկատեմ, որ կողմերի մոտեցումները տարբերվում են, երբեմն արմատապես: Բայց կարևոր է, որ բոլորը համակարծիք են` անհրաժեշտ է փոխզիջում որոնել: Արևելյան Ուկրաինայում հակամարտության քննարկման ընթացքում կողմերը հանգեցին այն մոտեցմանը, որ հարկավոր է նվազեցնել առկա լարվածությունը, լուծել պատանդների ազատ արձակման, փախստականների խնդիրները, լրջորեն մտածել մարդասիրական օգնության, այլ հարցերի մասին», - նշել էր Լուկաշենկոն:

Բելառուսի մայրաքաղաքում կայացած բանակցությունների ընթացքում Եվրամիությունը ներկայացնող Քեթին Էշթոնի պնդմամբ, հանդիպման գլխավոր թեմաները երկուսն էին` հրադադար և ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով անվտանգության ապահովում․ - «Ըստ իս, այսօրվա հանդիպումն արժեքավոր էր ու կարևոր: Դրա ընթացքում մենք կարողացանք երկու խնդիրների շուրջ կենտրոնանալ: Խոսքը նախ և առաջ խաղաղության և անվտանգության ապահովման մասին է: Բախումների դադարեցումն ու սահմաններին անվտանգության ապահովումը ծայրահեղ անհրաժեշտություն են»:

Վերջում հավելեմ, որ չնայած Մինսկում հնչած հայտարարություններում նկատվող զգուշավոր լավատեսությանը` Ուկրաինայի արևելքում իրադրությունն անփոփոխ է: Մարտական գործողություններն այստեղ շարունակվում են, իսկ կողմերը հայտարարում են իրենց արձանագրած հաջողությունների մասին: Այսպես, Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության զինյալները հայտարարել են, թե Կուտեյնիկովո բնակավայրի մոտ գերի են վերցրել մոտ 100 ուկրաինացի զինծառայողների: Ուկրաինական բանակի ներկայացուցիչներն էլ պնդում են, թե Դոնեցկի մարզի Գորլովկա և Իլովայսկ քաղաքների մերձակայքում հրետակոծությունների արդյունքում 225 անջատական է սպանվել, շարքից դուրս է բերվել մոտ մեկ տասնյակ միավոր ռազմական տեխնիկա:

XS
SM
MD
LG