Հայաստանի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերջին փոփոխությունները հեռարձակման ոլորտում բազմակարծությունն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծում, հայտարարել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը։ Միաժամանակ, Human Rights Watch հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել չստորագրել օրենքում Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխությունները, քանի որ դրանք «բացասական ազդեցություն կունենան Հայաստանում բազմակարծության եւ տեղեկատվության ազատության վրա»: