Մատչելիության հղումներ

Ավտոկայանատեղին բացվեց, Ազատության հրապարակը՝ վերաբացվեց


Երկուշաբթի օրը պաշտոնապես բացվեց Երեւան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվեց նաեւ շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

Ստորգետնյա եռահարկ այս կայանատեղին նախատեսված է 500 ավտոմեքենայի համար: Այն կառուցվել է իտալական Renco S.p.A. ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակում:

Բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, այլ պաշտոնյաներ։

Բացումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց ստորգետնյա ավտոկանգառի տարածքով եւ Ազատության հրապարակով։

Շինարարությունն իրականացրած Renco S.p.A. իտալական ընկերության ներկայացուցիչները պատմեցին կատարված աշխատանքների մասին։ Սերժ Սարգսյանը, մակագրելով շինարարության մասին պատմող գիրքը, կատարված աշխատանքները գնահատեց՝ լավ, հավելելով, որ կայանատեղին պետք է չափանիշ լինի մյուսների համար։

«Կարծում եմ, որ հիմա հարակից բոլոր փողոցներում այլեւս ավտոմեքենա կայանված չի լինի, եւ երթեւեկությունը կլինի շատ հարմարավետ։ Կարծում եմ շատ լավ գործ է կատարվել», - ասաց նախագահը՝ հավելելով. - «Տեսնենք, շահագործենք՝ տեսնենք»։

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ նոր կայանատեղին, գոնե մասամբ, կլուծի ճանապարհների երկայնքով կանգնած մեքենաների հարցը։

Ավտոկանգառը սկսելու է գործել վաղվանից, սակայն դեռեւս որոշված չէ, թե որքան կսահմանվի կայանման վարձը։

«Կառուցվել է 4 միլիարդ [դրամից] մի քիչ ավել գումարով եւ 100 տոկոս լինելու է Երեւան քաղաքի սեփականությունը», - ասաց Երեւանի քաղաքապետը՝ հավելելով. - «Վարձավճարների մասով՝ լինելու է 100 դրամից մոտ 500 դրամի սահմաններում։ Այստեղի վարձավճարը վերջնական դեռ կորոշենք, բայց կլինեն մեկժամյա վարձավճար, 1 ամսվա, 1 տարվա»։

Գագիկ Բեգլարյանը նաեւ տեղեկացրեց, որ նմանատիպ ստորգետնյա ավտոկանգառներ կառուցվելու են Շահումյանի եւ Սախարովի անվան հրապարակների տակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG