Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանի հիմնադրամը վերսկսել է դպրոցաշինությունը


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը:
Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը:

Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը սկսել է դպրոցաշինության իր ծրագրի 2-րդ փուլի աշխատանքները: Նախատեսվում է իրականացնել 9,5 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 12 միլիոն դոլար է: Հիմնադրամի միջոցներով Լոռու եւ Շիրակի մարզերում կառուցվելու եւ վերակառուցվելու է 3-ական դպրոց:

«Լինսի»-ի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Հրայր Սարգսյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց. - «Մեկ ամիս է, որ սկսել ենք աշխատանքները եւ, բնականաբար, նոր ուսումնական տարում մենք ի վիճակի չենք ավարտել: Ըստ աշխատանքների իրականացման գրաֆիկի, աշխատանքները կտեւեն 12-16 ամիս: Եվ հաջորդ ուսումնական տարվա սկզբին մենք կունենանք 6 լիարժեք դպրոցներ»:

2007-2009 թվականների ընթացքում իրականացված դպրոցաշինական ծրագրի առաջին փուլում ընդգրկված էր մայրաքաղաք Երեւանը եւ 5 մարզեր: Կառուցվել ու վերակառուցվել է 10 դպրոց:

Այս տարի ծրագիրը գրեթե կիսով չափ կրճատվել է` պայմանավորված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով:

«Նախորդ ծրագրով մենք իրականացրեցինք 22 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ, իսկ այս ծրագրով նախատեսված է 12 միլիոն դոլար», - ասաց Սարգսյանը` չբացառելով, սակայն, որ գումարները ավելանան, կամ ծրագիրը շարունակվի:

Սարգսյանի խոսքով, հայաստանյան շուրջ 1400 դպրոցների կեսը վերակառուցման կարիք ունի:

«Լինսի» հիմնադրամի մյուս ծրագրերը այժմ չեն իրականացվում:

«Մնացած ծրագրերը չկան: Դա ճանապարհաշինությունն էր եւ մշակույթը: Այդ ուղղություններով ֆինանսավորում չկա», - ասաց Հրայր Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG