Մատչելիության հղումներ

Հունվարի 12-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Վերջին 10 տարում թիկնազորը Հայաստանում դադարեցրել է իր կիրառական գործառությունները կատարել, այսինքն` ամենեւին չի նպաստում «պահպանվող անձի» անվտանգությանը: Որքան շատ են քեզ շրջապատող հաստավիզ մարդիկ, այնքան սարսափելի են նրանք հասարակ քաղաքացիների համար: Որքան երկար է քեզ ուղեկցող շարասյունը, այնքան բարձր է քո դիրքը իշխանական [ոչ ֆորմալ] աստիճանակարգում: [Մոտավորապես այդպես էին 17-18-րդ դարերի ռուս կալվածատերերը պարծենում ճորտերի քանակով]: Ի՞նչ են անելու այս հաստավիզները, երբ, ասենք, որեւէ օլիգարխի իրական վտանգ սպառնա: Աստված մի արասցե, որ նման խնդիր առաջանա: Իհարկե, եթե քաղաքացին, լինի նա օլիգարխ, թե կրտսեր գիտաշխատող, զգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, նա պետք է դիմի պետական համապատասխան մարմնին` հարցնելով` կարելի՞ է արդյոք, որ ես ահա այս նպատակի համար ունենամ այսքան մարդ թիկնազոր, այսքան զենքով: Եվ պետությունը պետք է մերժի կամ թույլատրի նման հայտը: Համենայնդեպս, ակնհայտ է, որ նման խնդիրներ լուծելու համար 50 հոգի պետք չէ: Եթե, իհարկե, մեր օլիգարխները հետաքրքրություն չեն ներկայացնում Բեն Լադենի համար»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Խորհրդարանի 2012 թվականի ընտրությանն ընդառաջ, արդեն մի քանի ամիս է, որ խոսակցություններ են շրջանառվում գալիք խորհրդարանում մականունավորների եւ օլիգարխների թիվը նվազեցնելու` իշխանության մտադրության մասին: Փաստորեն ստացվում է, որ իշխանությունը ցանկանում է որոշակիորեն փոխել խորհրդարանի տեսքը, այսպես ասած քաղաքակիրթ, ինտելեկտուալ տեսք տալ խորհրդարանին: Բայց հարց է առաջանում, թե արդյոք օլիգարխները, մականունավորները, որոնք ընտրական գործընթացներում իշխանության ծանր հրետանին են, կհամաձայնեն դուրս մնալ խորհրդարանից: Չէ որ խորհրդարանը նրանց համար անվտանգության մեխանիզմներ է ապահովում: Ուրեմն իշխանությունը պետք է նրանց համար գտնի փոխարինող մեխանիզմներ: Այլապես մականունավորներն ու օլիգարխները չեն ունենա ցանկացած գնով այս իշխանության համար ընտրությունների արդյունք ապահովելու մոտիվացիա, առավել եւս, որ ամեն անգամ ապահովելով այդ արդյունքը, նրանք ավելացնում են իրենց վրա դրված քրեական հանցանքների բեռը, որը իշխանափոխությունից հետո ցանկացած պահի կարող է լուրջ ծանրություն դառնալ նրանց ուսերին»:

Գալիք ընտրությունների վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Մեկնարկած 2011 թվականին ներքաղաքական զարգացումները, ինքնըստինքյան, ծավալվելու են նախընտրական նշանի ներքո եւ համարժեք տրամաբանության թելադրանքով։ Ճիշտ է, 2012-ի գարնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունները հիմա այնքան էլ մոտ չեն թվում, բայց 1 տարի եւ մի քանի ամիսը իսկապես կարճ ժամանակահատված է, մանավանդ քաղաքական գործունեության ու դրանով պայմանավորված կոնկրետ արդյունքներ ակնկալելու տեսանկյունից։ Հայտնի է, որ իշխանական կոալիցիայի մեջ միավորված ՀՀԿ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Օրինաց երկիր»-ը առանձին-առանձին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Առանձին մասնակցության հանգամանքը, ինչ խոսք, որոշակիորեն կարող է արգելակել կոալիցիոն կառավարության աշխատանքը, հատկապես բուն ընտրապայքարի նախաշեմին ու ընթացքում։ Սակայն, կարծում ենք, իշխանությունն ունի բավարար ռեսուրս՝ ապահովելու վարչական համակարգի ներսում աշխատանքային բնականոն մթնոլորտն ու կարգապահությունը»։

«Կապիտալ»-ի հետ զրույցում Forex Club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը նշել է, որ Հայաստանի արժույթը` դրամը, որոշ չափով արժեվորված է. - «Դա պայմանավորված է շուկայում դոլարի զգալի առաջարկով, Հայաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությամբ եւ 2010 թվականի ընթացքում ազգային արժույթի նկատմամբ բնակչության վստահության աճով։ Մենք կարծում ենք, որ տարեսկզբին դրամը որոշ չափով կզիջի դոլարին՝ պայմանավորված առաջին եռամսյակում դեպի Հայաստան տրանսֆերտների եւ երկրից ապրանքների եւ ծառայությունների արտահանման ծավալի ավանդական կրճատմամբ, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ոսկեարժութային նվազող պաշարներով։ Մեր կարծիքով` ազգային արժույթի կտրուկ արժեզրկման համար որեւէ պատճառ չկա, եւ դոլարի ամրապնդումը տեղի կունենա չափավոր տեմպերով։ Ենթադրում ենք, որ առաջին եռամսյակում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կկազմի 369,5 դրամ մեկ դոլարի նկատմամբ»։

«Արտագաղթը», - «Երկիր» թերթի փոխանցմամբ, հայտարարել է պատգամավոր Համլետ Հարությունյանը, - «միայն հիասթափության կամ սոցիալական ծանր պայմանների արդյունք չէ. հոգեբանները ու վերլուծաբանները հաշվի չեն առնում ցեղի բնույթը»: «Անշուշտ», - գրում է թերթը,- «էականն այն չէ, որ պատգամավորը արտագաղթը համարել է արդյունք, այլ այն, որ ցեղակրոն մեր ընտրյալը, իր «հայտնագործությանն» ավելի կշիռ ու կարեւորություն տալու համար, այնուհետեւ ավելացրել է. - «Ցեղի բնույթը խոշոր գիտական ուսումնասիրության կարիք ունի»: Ապա, չսպասելով արվելիք «խոշոր» գիտական ուսումնասիրության արդյունքին, եզրահանգել էր. - «Ցեղի բնույթն է արտագաղթի պատճառը»:«Եվ հիմա արդեն բնավ չպիտի զարմանալ, եթե սույն թշվառ «տեսությունն» այսօր, վաղը եւ այնուհետեւ տարփողեն թուրքական ու մանավանդ ադրբեջանական քաղաքական-գիտական շրջանակները` մեզ հղում անելով ու մեզնով իսկ փաստարկելով մեր քոչվոր ու անհայրենիք լինելու` իրենց վաղեմի պնդումները: Մանավանդ, որ հայ պատգամավորի բերանով սույն ազգադավ միտքը հնչել է այնքան հստակ, այնքան աներկմիտ, որ նույնիսկ խաշնարածի ուղեղին առանձնապես լարվելու ջանք չի առաջադրվում` հասկանալու, թե ինչ պատմական նվեր է ստացել «յոլդաշ» հայից», - գնահատում է «Երկիր»-ը:

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG