Մատչելիության հղումներ

Հունվարի 28-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հայաստանյան հասարակության մեջ դեռեւս ուժեղ է «մազապուրծ եղածի» մտածելակերպը: Սրա բացատրությունը, հավանաբար, այն է, որ բացի բանակից եւ նրա հաղթանակներից` մենք առանձնապես չունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ: Մենք չենք ստեղծել երկիր, որտեղ գերակա է օրենքը, որտեղ մարդիկ ազատ ինքնարտահայտվելու ազատություն ունեն: Առանց դրա` արժանապատիվ քաղաքացի ունենալն անհնարին է: Բայց, կրկնեմ, առանց պետություն եւ բանակ ունենալու ընդհանրապես հնարավոր չէ որեւէ բան: Դրանք, կարելի է ասել, մեր երազած երկիրն ունենալու անհրաժեշտ, թեեւ ոչ բավարար պայմաններն են: Ահա թե ինչու դրանք պետք է առանձնացնել բոլոր տեսակի ռեժիմներից եւ իշխանություններից»:

«Ժամանակ»-ի խմբագիրը զրուցել է Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետ: Նա հարցնում է. - «Ինչքանո՞վ է քաղաքականացված մեր բանակը»: Պատասխան. - «Բանակն այնքանով է քաղաքականացված, ինչքանով որ պաշտպանում է երկիրը, պետության շահերը: Մեր կուսակցությունը բանակն է, մեր ծրագիրը` կանոնադրությունն է, մենք ինքներս մի մեծ, ահռելի կուսակցություն ենք, որն ունի մեծ, լուրջ ծրագիր` պահել ՀՀ-ն թշնամու ոտնձգությունից»: Հարց. - «Մարտի 1-ին բանակը ո՞ր թշնամուց էր երկիրը պաշտպանում»: Գասպարյանի պատասխանը. - «Ես պնդում եմ, որ մարտի 1-ին բանակը գործողություններ չի արել: Ես հայտարարում եմ, որ բանակի ծրագրային ֆունկցիան եղել է մնալ կառավարության շենքում, ես կառավարության շենքից դուրս չեմ եկել, իմ զորքը դուրս չի եկել կառավարության շենքից»: «Այսինքն` մինչեւ արտակարգ դրության հայտարարումը, երբ որ բանակը շարժվեց դեպի մայրաքաղաք, Դուք դա հակասահմանադրական քայլ համարո՞ւմ եք, թե ոչ:» հարցին նա պատասխանել է. - «Եթե բանակը շարժելու մեջ է մեր երկրի ամբողջ պրոբլեմը, մենք դա կշտկենք, բայց երբ տեսնում ես էքստրեմալ իրավիճակ է, ի՞նչ է նշանակում թուղթը կես ժամ հետո ստորագրեցին, ի՞նչ: Պետք է անկեղծ լինենք` ձվի մեջ մազ ենք ման գալիս, դա չէ իմ պրոբլեմը»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը զրուցել է Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ: Հարցին, թե «ի դեմս Տիգրան Կարապետիչի, ընդդիմադիր դաշտում նոր ուժ չի՞ ստեղծվում», նա պատասխանում է. - «Դա հնարավոր չէ, քանի որ Հայաստանում արդեն կա ընդդիմություն` ՀԱԿ-ը, որից դուրս այլ ընդդիմություն գոյություն չունի։ Վերջին երեք տարիներին մեր գործունեությունը դրա վառ ապացույցն է։ Երբեմն ականատես ենք եղել, թե ինչպես են իշխանությունները քաղաքական դաշտ նետում ականներ, իբրեւ հերթական ընդդիմություն։ Ինչ վերաբերում է Տիգրան Կարապետիչի ական լինելու հանգամանքին, կարծում եմ` դեռ ական չէ, սակայն եթե գործընթացներն այսպես շարունակվեն, ինքնաբերաբար կվերածվի ականի»։ Հարց. - «Ի՞նչ եք կարծում, ՀԱԿ-ի բացթողումը չէ՞, որ ընդդիմադիր դաշտում նոր շարժում է առաջանում»։ Պատասխան. - «Ի՞նչ է, կարծում եք, ՀԱԿ-ը պիտի ինքնաձիգով կանգնի եւ առաջին իսկ մարդուն, որը հորջորջում է, թե ընդդիմություն է, գնդակահարի՞։ Թող գան, խոսեն ու անհետանան։ Այսքան ժամանակ չի եղել մի քաղաքական ուժ, որն ուրիշ դիմակ հագնելով` ընդդիմացել է ու չի փոշիացել։ Ժողովրդին հայտնի է` ով է ընդդիմությունը: Մեր ներկայացուցիչներն են այսօր բանտերում են, իսկ կլանի ստեղծած ընդդիմությունն առավոտյան «ընդդիմադիր» է, երեկոյան` պնակալեզ»:

«Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Սերժ Սարգսյանը մի ուրախ հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին եւ մի շարք զարմանահրաշ մտքեր հայտնել: Օրինակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին` հայտարարել է, թե Ադրբեջանի մի քանի շրջանների վրա հայկական վերահսկողություն է սահմանվել, որպեսզի անվտանգության գոտի ստեղծվի: Պարզ ասած` Սերժ Սարգսյանը կրկնել է «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտնի թեզը, նաեւ` անուղղակիորեն պատրաստակամություն հայտնել կարգավորման համաձայնագրի ընդունունից հետո վերադարձնել այդ տարածքները: Հարց է ծագում` իսկ ինչո՞ւ չէր կարելի նման հայտարարություն անել: Պատասխանը միանշանակ է` որովհետեւ այդ տարածքները, գոնե պաշտոնապես, գտնվում են ղարաբաղյան բանակի վերահսկողության տակ, եւ Սերժ Սարգսյանը հրաշալի առիթ ուներ հայտարարելու, թե գիտեք ինչ, այդ հարցով Ադրբեջանը Ղարաբաղի հետ պետք է բանակցի, որովհետեւ պատերազմը Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է եղել: Չենք ասում` պիտի վեր կենալ եւ պատմական արդարությունից խոսել կամ Պտղոմեոսից մեջբերումներ անել, բայց կարող էր ասել, որ այդ հարցը պիտի Ղարաբաղի ժողովուրդը որոշի»:

«Երկիր» օրաթերթի թղթակիցը փորձել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սահիյանից տեղեկանալ, թե հունվարի 1-ից առ այսօր քանի քաղաքացի է ընդգրկվել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգում. - «Պարզվում է, դեռեւս ոչ ոք չի դիմել համապատասխան ծառայություններին»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG