Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 24-ի մամուլ


Lragir.am-ը գրում է. - «ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 120-ամյակի կապակցությամբ Արցախում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառմանը հայտարարել է. - «Արցախը հզոր է: Արցախցիների տունդարձի ժամանակն է: Արցախցիները ոչ մի տեղ չեն կարող այնքան օգտակար լինել Արցախին, որքան հենց Արցախում»: Հրանտ Մարգարյանն իսկապես կարեւոր թեմա է շոշափում, որը թերեւս արժե մի փոքր մասնավորեցնել: Մասնավորեցնել այն իմաստով, որ տունդարձի կոչը նախ եւ առաջ պետք է վերաբերի այն արցախցիներին, ովքեր հրապարակային, հայտնի դեմքեր են: Օրինակ, այդ կոչն առաջին հերթին պետք է առնչվի ասենք Արկադի Ղուկասյանին, ով թողնելով Ղարաբաղի նախագահի պաշտոնը, ոչ թե մնաց Ղարաբաղում ապրելու, ինչը կարող էր լավ օրինակ եւ հոգեբանական լիցք լինել թե' Արցախում ապրող բնակչության, թե' գուցե նաեւ դրսում ապրող արցախցիների համար, եկավ Հայաստան եւ նոր պաշտոն ստացավ: Հրանտ Մարգարյանի կոչը կարող է վերաբերել Ռոբերտ Քոչարյանին, ով 13 տարի առաջ Ղարաբաղի նախագահի պաշտոնը թողեց եկավ Հայաստան, դարձավ վարչապետ, հետո նախագահ, բայց պաշտոնը թողնելուց հետո էլ չի վերադարձել Արցախ: Հրանտ Մարգարյանի կոչը կարող է վերաբերել Սամվել Բաբայանին, ով ազատազրկման վայրից դուրս գալուց հետո եկավ Հայաստան ու հայտարարեց, որ հարցերը այստեղ են լուծվում, ոչ թե Արցախում, կուսակցություն հիմնեց, հետո փակեց, իսկ այժմ կարծես թե զբաղվում է բիզնեսով: Մի քիչ իհարկե անիրական է, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա եւ վերադառնա Արցախ, կամ ավելի ճիշտ Արցախ վերադառնալու համար հրաժարական տա: Բայց թերեւս անկասկած է, որ երբ նա էլ թողնի պաշտոնը, հազիվ թե Արցախ վերադառնա»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Անդրադառնալով Պուտին-Քոչարյան հանդիպմանը` Վիկտոր Սողոմոնյանը կայքերից մեկին մասնավորապես ասել է. - «Սա ամենեւին էլ առաջին հանդիպումը չէ։ Այնպես չէ, որ արտառոց ինչ-որ բան է տեղի ունեցել»: Մեկնաբանը շարունակում է. - «Իսկ ո՞վ է ասել, որ պաշտոնաթող նախագահները պաշտոնավարման ավարտից անմիջապես հետո դադարում են պետական գործիչ լինելուց, կամ եթե ի վիճակի են, չպետք է իրենց կապերը, հնարավորություններն ու կարողությունները ծառայեցնեն պետության համար կարեւոր, այդ թվում` արտաքին-քաղաքական օրակարգի որեւէ խնդիր լուծելուն։ Ուղղակի ոչ բոլոր նախագահներն են իրենց այդ հնարավորությունները ի սպաս դնում պետության շահերին։ Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, օրինակ, առանձնապես աչքի չի ընկել նման գործելակերպով։ Իսկ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, անհրաժեշտության դեպքում չի զլանում իր նպաստը բերել Հայաստանին, հասկանալի է` գործող իշխանության հետ քայլերի համադրմամբ։ Հիշենք թեկուզ իրանական կողմի հրավերով այդ երկիր Ռոբերտ Քոչարյանի կատարած այցելությունն ու հանդիպումը ԻԻՀ նախագահի հետ»։

«Առավոտ»-ը գրում է. - «Նախորդ օրն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության պայմանագիրը, որը ստորագրվել էր 2010-ի օգոստոսի 16-ին` Բաքվում, երկու երկրների նախագահների կողմից: Հետաքրքիր է, որ այս համաձայնագրի դրույթները հույժ գաղտնի էին պահվում, իսկ վավերացումից հետո դրանց գաղտնազերծման արդյունքում շատ վերլուծաբաններ համոզված են, որ փաստաթղթի հիմնական նպատակը հայ - ռուսական ռազմական համագործակցության մասին Երեւանում այս տարվա օգոստոսին կնքված պայմանագրի հավասարակշռումն է: Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հատուկ ուշադրություն է հրավիրում պայմանագրի կետին, որով փաստվում է` «եթե կողմերից մեկը երրորդ պետության կամ պետությունների կողմից զինված հարձակման կամ ագրեսիայի ենթարկվի, ապա կողմերը փոխադարձ աջակցություն կտրամադրեն` օգտագործելով բոլոր հնարավորությունները»: Հովհաննես Հովհաննիսյանը ցույց է տալիս նաեւ մեդալի հաջորդ կողմը. - «Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: Հայաստանն էլ ՌԴ-ի հետ է համարժեք պայմանագրեր կնքում, ՀՀ զինված ուժերն էլ անընդհատ Մոսկվայում են բանակցություններ վարում: Տպավորություն է, որ երկու կողմերն էլ պատրաստվում են պատերազմի»:

«Սեռական շեղումներ ունեցող անձանց տարածման ու հասարակության մեջ դրանց բարգավաճման» խնդիրների մեկնաբանության համար «Իրավունք»-ը դիմել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Նա ասում է. - «Նման վարքագիծը հարիր չէ մեր ազգային նկարագրին: Քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովրդի համար ընտանիքը, հայկական ավանդական արժեքները գերակա են: Անգամ այս խնդիրը ժողովրդավարության լույսի ներքո ներկայացնող զարգացած եվրոպական երկրներում մտահոգվում են միասեռ ամուսնությունների խնդրով, քանի որ դա ժողովրդագրական խնդիրներ է առաջացնում: Էլ չեմ խոսում այլասերման վտանգի մասին: Ի վերջո, անբնական ամեն ինչ անընդունելի է: Ես դեմ եմ մարդու իրավունքների սահմանափակումներին ընդհանրապես, սակայն մասնավորապես համասեռամոլությունը խիստ վտանգավոր եմ համարում Հայաստանի համար»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Կոռուպցիան Հայաստանի տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնն է։ Նման կարծիք է հայտնել Հայաստանում եւ Վրաստանում KPMG ընկերության ղեկավար Էնրյու Կոկշելը։ Կոկշելը նկատել է, որ Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջազգային ծրագրերը զգալի արդյունքներ չեն արձանագրել։ «Իրականում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել», - ասել է նա։ KPMG-ի կառավարչի կարծիքով` կարեւոր է նաեւ, որ կառավարությունը ցույց տա, թե որքան լրջորեն է տրամադրված պայքարել կոռուպցիայի դեմ, այդ թվում` կոռումպացված պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելով։ Նա նշել է, որ որոշ հայ գործարարներ, որոնք մտադիր են տեղափոխել իրենց բիզնեսը Վրաստան, դիմել են իրենց ընկերությանը` համապատասխան խորհրդակցություն ստանալու համար»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG