Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 10-ի մամուլ


«Երեկ մինչեւ կեսօր ես թերթերում եւ ինտերնետում մի քանի տասնյակ վարկած եմ կարդացել, թե ինչու են իրականում աշխատանքից ազատել քաղաքապետին եւ արդարադատության նախարարին: Ոչ մի մեկնաբան չի ուզում հավատալ, որ նրանց հանել են հենց այն պատճառներով, որոնք պաշտոնապես հայտարարվում են: Քոչարյան, Լուժկով, Պզո, օլիգարխներ, wikileaks` ահա «իրական» պատճառները, քանի որ ցանկության դեպքում աշխարհում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունները կարելի է իրար հետ կապել: Երեւակայության այս բուռն ստեղծագործական վերելքի պայմաններում ես էլ ինձ թույլ կտամ մի վարկած առաջ քաշել ոչ այնքան արդարադատության նախարարի, որքան ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ-ի հիմնական գործը մարդկանց ծեծելն է, առավելապես` իրացման գոտիների բնակիչներին: Բայց վերջին շրջանում ԴԱՀԿ-ականների գործը քչացել է` բոլոր գոտիները իրացվել են (ինքներդ գիտեք, թե ում): Քանի որ երկար ժամանակ գերակա պետական շահը բռունցքներով պաշտպանելու կարիք չկար, Միհրանը մի տեսակ ձանձրացել էր, իսկ երիտասարդ արյունը եռում էր: Եվ ահա նա, «ֆորմից չընկնելու» նպատակով, որոշել էր հարձակվել իր աշխատակազմի 60-ամյա ղեկավարի վրա»:

Նույն խնդիրների վերաբերյալ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Կապիտալ»-ին ասում է. - «Զարմանալին այն օրինաչափությունն է, որ տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների եւ բարձր արվեստի հանդիպման ժամանակ։ Պարզվում է՝ հայ իշխանավորները չեն կարողանում հաղթահարել բարձր արվեստի փորձությունը։ Պահանջվեց Պլասիդո Դոմինգոյի այցը Հայաստան, որպեսզի Երեւանում քաղաքապետ փոխվի»։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից երեկ հետաքրքրվել է, թե արդյոք ոստիկանությունը չի՞ պատրաստվում քրեական գործ հարուցել Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին ծեծելու փաստի առիթով: Ոստիկանապետը բացառել է քրեական գործ հարուցելը, եւ դա բացատրել է հետեւյալ կերպ. - «Ճիշտն ասած, ես արարողակարգի տղային անձամբ չեմ տեսել, բայց դիմել ենք նախագահական նստավայր, ասել ենք, եթե եղել է նման դեպք` առեւանգում, ծեծ, ապա առաջարկել ենք ոստիկանությանը դիմում ներկայացնել: Նրանք հրաժարվել են, ասել են` նման դեպք չի եղել: Ուղղակի վիճաբանություն, քաշքշուկ է եղել: Թե ինչ աստիճանի է այդ ամենը եղել, ես այժմ որեւէ տեղեկություն չունեմ: Այսինքն, մի բան եղել է, բայց մարմնական վնասվածք, առեւանգում չի եղել»:

ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը «Հայոց Աշխարհ» -ի հետ զրույցում անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության երեկվա նախաձեռնությանը` կապված Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հետ: Նա ասում է. - «Ավելի բացասական ազդեցություն կունենար, եթե բանակցությունների այս փուլում մենք միակողմանիորեն ճանաչեինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ գործընթացը մտներ փակուղի։ Բազմիցս ասել ենք` դա ինքնանպատակ չէ, մեր նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է։ Ավելին՝ այդ կարծիքին են նաեւ ԼՂ իշխանությունները` եթե հիշում եք, նախագահ Բակո Սահակյանը առիթ ունեցել է արտահայտելու իր տեսակետը։ Կարծում եմ, այդ դիրքորոշումը ընդունելի եւ ընկալելի է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ ամբողջ հայության համար, իսկ մնացածը արդեն քաղաքական փոքրամասնության խնդիրն է. «Ժառանգության» մեր հարգարժան գործընկերներն այդպես էլ որեւէ համոզիչ փաստարկ չբերեցին, որ այս պահին միակողմանի ճանաչումը կօգնի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»։

«Իրատես de facto» թերթը զրուցել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) հետ: Նա ասում է. - «Արժեվորելով հանրապետության նախագահի խոսքը Աստանայի գագաթնաժողովում, ուզում եմ հիշեցնել, որ վերաբնակեցումը Լեռնային Ղարաբաղում ուշացած, բայց հնարավոր է դեռ: Վերաբնակեցման ծրագիրը ֆիզիկապես մարդկանց այնտեղ բնակեցնելը չէ, անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, ներքին բարեփոխումներ»: Լրագրողը հարցնում է. - «Չե՞ք կարծում, որ վերաբնակեցումը կարող է խոչընդոտել բանակցությունները»: Մինասյանը պատասխանում է. - «Ոչ, նման կեցվածքով վաղը նույն միջազգային հանրությունը կարող է հարցնել` ո՞ւմ համար է պահպանվում այս հողը: Հողն իր վրա ապրողինն է: Եթե մենք այսօր այդ խնդիրը չենք կարողանում լուծել, շատ դժվար է լինելու բանակցությունների ժամանակ մեր դիրքերը պահպանելը, միջազգային հանրությանը հստակ փաստարկներ ներկայացնելը: Մենք չպետք է հպարտանանք, որ դիտորդական առաքելությունները ասում են, թե տարածքները վերաբնակեցված չեն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG