Ընդդիմությունը «ժամկետանց» է որակում Ռուսաստանում Հայաստանի դեսպանի այցը Բելգորոդ։ Ռուսաստան- Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ այդ քայլով Հայաստանի իշխանությունը փորձում է մեղմել «Բուչայի հետևանքները»։
«Ռուսական հայտնի խոսք կա՝ ճաշից հետո մանանեխ, նույն ճաշից հետո մանանեխի քայլն է, որ Հայաստանի դեսպանը Ռուսաստանի Դաշնությունում կատարեց», - նշեց Մանուկյանը:
Հայ-ռուսական լարվածության պայմաններում Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այս շաբաթվա ընթացքում այցելեց ուկրաինական հարվածներից տուժած Ռուսաստանի շրջաններ։ Նախ շաբաթվա սկզբին դեսպանը աշխատանքային այցով Բելգորոդում էր։ Ըստ ՏԱՍՍ-ի, այնտեղ Հայաստանի դեսպանն այցելել է ուկրաինական ռմբակոծություններից տուժած բնակելի շենքի տարածք և ցավակցություն հայտնել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այցելել է ԲելգորոդՄայիսի 12-ին ռուսական կողմը մեղադրել էր Կիևին Բելգորոդ քաղաքի բնակելի շենքին հարվածներ հասցնելու համար։ Մեկ շքամուտք ամբողջությամբ՝ 10 հարկով փլուզվել էր, հաղորդվել էր 17 զոհի մասին:
«Բելգորոդում ավերված բնակելի շենքի տեսարանը, երբ մի ամբողջ շքամուտք է փլուզվել, ցուց է տալիս մարդկանց վշտի չափը, ինչպես նաև ցանկություն է առաջացնում, որ այս ամենն արագ ավարտվի», - ասել է Վաղարշակ Հարությունյանը։
Ըստ ռուսական պետական գործակալության, Ռուսաստանում Հայաստանի դեսպանն այցելել է նաև Բելգորոդի գեղարվեստական մարմնամարզության կենտրոն։ Ռուսական կողմի պնդմամբ՝ այս կենտրոնը ևս տուժել էր ուկրաինական ռմբակոծությունից։ Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունների մասին, Վաղարշակ Հարությունյանը Բելգորոդում ասել է, թե Երևանը հետաքրքրված է, որ Կիևի և Մոսկվայի միջև շուտափույթ խաղաղություն հաստատվի։
«Զոհվում են խաղաղ մարդիկ, ընտանիքներ, ինչը ցավ է առաջ բերում։ Հայաստանը հետաքրքրված է, որ խաղաղությունը արագ հաստատվի։ Այս ամենը ազդում է նաև Հայաստանի վրա։ Եվ մենք անկեղծորեն ուզում ենք, որ այս ամենը կանգ առնի է։ Սա է Հայաստանի դիրքորոշումը», - նշել է դեսպանը։
Բելգորոդից հետո Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Կուրսկում, խոսել այս մարզի հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի այցերը Բելգորոդ և Կուրսկ հետևեցին անցած ամիս ուկրաինական Բուչա Ուկրաինայում Հայաստանի դեսպանի այցին։ Ուկրաինայի իշխանությունները 2022-ի ապրիլին հաղորդել էին Բուչայում ռուսական ուժերի կողմից շուրջ 300 քաղաքացու դաժան սպանության մասին։ Դեսպան Վլադիմիր Կարապետյանը Բուչա էր այցելել՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ՝ դեղամիջոցներ նվիրաբերելով քաղաքի բժշկական հաստատություններին։ Այս քայլը Մոսկվան որակեց «ոչ բարեկամական» և բողոքի նոտա հղեց Երևանի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան Երևանին բողոքի նոտա է հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթով«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում», - ասել էր Տիգրան Տեր-Մարգարյանը:
«Այնպիսի գործչից, ինչպիսին արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակից Տիգրան Տեր-Մարգարյանն է, մենք այլ բան չէինք էլ սպասում: Ցավալի է որ դրան միանում են հայաստանյան իշխանությունները», - հայտարարել էր ՌԳ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մանուկյանի համոզմամբ՝ Վաղարշակ Հարությունյանն իր քայլով փորձում է մեղմել «Հայաստանի անլուրջ քայլերի հետևանքները»
Հայաստան- Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր «ուշացած քայլով» փորձում է մեղմել Հայաստանի, իր ձևակերպմամբ, անլուրջ քայլերի հետևանքները։
«Ինչո՞ւ պետք է հարաբերությունները լարվեին, որ Վաղարշակ Հարությունյանը ժամկետանց այցեր կատարեր: Նույն Բուչա կատարած այցն ուղղակի անհասկանալի էր, ամենախորհրդանշականն է թերևս Հայաստանի վերջին 6 տարվա արտաքին քաղաքականության ամբողջ փիլիսոփայության մեջ: Երևանի վարչական շրջանի մի ղեկավար Հայաստանի արտաքին քաղաքականություն որոշողն է դարձել», - ասաց հանձնաժողովի ընդդիմադիր անդամը:
«Ազատության» հարցին՝ ուղղակի կապ է տեսնո՞ւմ Վաղարշակ Հարությունյանի այցի ու ավելի վաղ Վլադիմիր Կարապետյանի կատարած այցի հետ, Մանուկյանը պատասխանեց. - «Որովհետև Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն այնքան պասիվ է եղել այս տարիներին, որ նման ակտիվությունն ինքնին արտառոց էր: Այս առումով բնականաբար կամ հետին թվով հասկացել են այն վտանգավորությունը, հասկացել են այն թեթևսոլիկությունը, որով հանդես է եկել Հայաստանը և փորձել են շղարշել ինչ-որ ժեստերով՝ ռուսական կողմի նկատմամբ»:
«Եթե գնացել ենք Բելգորոդ ու Բուչա, նշանակում է՝ եղել է գնալու երկու անհրաժեշտությունն էլ»
Իշխանական պատգամավոր Շիրակ Թորոսյանը մինչդեռ հակադարձում է՝ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելիս չի ելնում այլ երկրների հետ փոխհարաբերություններից. - «Եթե մենք ամեն ինչ իրար կապենք, այդ դեպքում մենք պետք է ոչ գնանք Բելգորոդ, ոչ էլ գնանք Բուչա»:
Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անդամն ընդգծում է՝ եթե Ռուսաստանը ջերմ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ապա բնական է, որ Հայաստանն էլ ջերմ հարաբերություններ կարող է ունենալ Ուկրաինայի հետ։
«Եթե գնացել ենք Բելգորոդ ու գնացել ենք Բուչա, նշանակում է, որ եղել է գնալու երկու անհրաժեշտությունն էլ», - ընդգծեց Շիրակ Թորոսյանը:
Արդյոք Ռուսաստանում Հայաստանի դեսպանի այցերը նպատակ ունե՞ն մեղմել հայ-ռուսկական վերջին շրջանի լարվածությունը. Միջխորհրդարանական հանձնաժողովի իշխանական անդամն ասում է, թե այդ լարվածությունը կապված է ՀԱՊԿ-ի հետ, որը չի կատարում իր կանոնադրային պարտավորությունները։ Մինչդեռ այլ, մասնավորապես, տնտեսական ոլորտում և ԵԱՏՄ շրջանակում, ըստ Շիրակ Թորոսյանի, 2 երկրները համագործակցության որևէ խնդիր չունեն։
Ի դեպ, պաշտոնական Մոսկվան երեկ խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի հաջորդ շաբաթ կայանալիք հավաքին հրավիրելու համար՝ պնդելով, թե՝ «եվրատլանտյան բաղադրատոմսերի պարտադրումը հղի է կործանարար հետևանքներով»։