Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի բանակցությունները:
Կանցլերը հանդիպումից հետո նշել է, որ Պուտինին ուղղված իր ամենակարևոր ուղերձն այն էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունը պետք է ավարտվի: Ավստրիայի կանցլերը նաև հասկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կմնան ուժի մեջ և միայն կխստանան:
Հանդիպումը տևել է մոտ 1,5 ժամ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե բանակցություններից հետո ռուսական կողմից մամուլի հայտարարություններ չեն սպասվում:
Նեհամերը հանդիպումից հետո նաև ասել էր, թե բանակցությունները եղել են բաց ու անմիջական, սակայն՝ կոշտ: «Դա ընկերական այց չէր», - ընդգծել էր նա ավստրիական մամուլի կողմից վկայակոչված հայտարարության մեջ:
«Պատերազմում երկու կողմից էլ միայն պարտվողներ կան», - հավելել է կանցլերը:
Նեհամերի և Պուտինի հանդիպումը անցել է փակ ձևաչափով, չեն եղել նույնիսկ լուսանկարներ:
Նեհամերը առաջին արևմտյան առաջնորդն է, որն այցելում է Մոսկվա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից ի վեր։
Նախքան բանակցությունները Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգն ասել էր. - «Վիեննան պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Ուկրաինայում մարդասիրական դժոխքը դադարեցնելու համար, մենք չենք ուզում բաց թողնել որևէ հնարավորություն»։
Ինքը՝ Նեհամերը, Մոսկվա ժամանելուց առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է բարձրացնել պատերազմական հանցագործությունների մասին հաղորդումների, և ռուսների վերահսկողության տակ գտնվող շրջաններում շարունակվող մարդասիրական աղետի թեման։
«Մենք ռազմական առումով չեզոք երկիր ենք, սակայն անտարբեր չենք, երբ խոսքը վերաբերում է մեր պարտավորությանը՝ հետևել այն դեպքերին, որտեղ օբյեկտիվորեն անարդարություն է տեղի ունենում», - ընդգծել է նա։
Կանցլերը նաև պնդել էր, թե կողմնակից է, որ ԵՄ-ն շարունակի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ Ուկրաինայում ռազմական գործողությունները չեն ավարտվել։
Եվրոպայի առաջնորդները ողջունում են Ավստրիայի կանցլերի այցը
Մինչ այդ, Եվրոպայի առաջնորդները ողջունում են Ավստրիայի կանցլերի այցը Ռուսաստան:
«Մենք կողմ ենք Ռուսաստանի ղեկավարության հետ ցանկացած շփումներին՝ հանուն Ուկրաինայի ճգնաժամի հանգուցալուծման», - այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Քրիստիանե Հոֆմանը, հավելելով՝ նման հանդիպումների նպատակն է անմիջապես կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայի դեմ:
Հանդիպումը ողջունել է նաև Եվրամիության ղեկավարությունը։
«Ցանկացած փորձ, որն ուղղված է խաղաղության հաստատմանը՝ այս կամ այն ձևաչափով, օգտակար է», - ասել է Եվրահանձնաժողովի խոսակ Դանա Սպինանտը։
Եվրոպացի դիվանագետը նշել է, որ Ավստրիայի կանցլերը Պուտինի հետ հանդիպումից առաջ տեղեկացրել էր իր այս մտադրության մասին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Պաշտոնյաներն ընդգծում են, որ Ավստրիայի կանցլերի՝ Մոսկվա այցելելու որոշումը ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա բանակցություններից հետո։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ արդեն 47-րդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում կողմերը մի քանի հանդիպում են անցկացրել, վերջինը՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ Ստամբուլում։ Այդ հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, թե առաջընթացի որոշակի հնարավորություն կա, սակայն օրեր անց Բուչայում բացահայտված տեսարանները կարծես փակուղի են մտցրել խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերը։
Անցած՝ ավելի քան մեկ ամսվա ընթացքում կողմերը միայն մի քանի պայմանավորվածություն են ձեռք բերել մարդասիրական միջանցքների շուրջ, սակայն, այդ համաձայնությունները մեծամասամբ մնացել են թղթի վրա։
Թուրքիայի նախագահն, այդուամենայնիվ, համարում է, որ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորություն դեռ կա: Էրդողանը, թուրքական պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, վաղը պատրաստվում է կառավարության նիստին քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպումը:
Չնայած Ուկրաինայի իշխանությունները, Արևմուտքը Բուչայի սպանդից հետո հայտարարել են ռուսական բանակի գործած պատերազմի հանցագործությունների մասին՝ նախագահ Զելենսկին շեշտում է՝ համաձայն է շարունակել բանակցությունները ռուսական կողմի հետ, քանի որ դրանք կարող են արագացնել հրադադարը և կյանքեր փրկել։
«Այնուամենայնիվ, կընդունենք խաղաղությունը, քանի որ ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի՝ մեր պայմաններով, անկախության պայմաններով, Ուկրաինայի պայմաններով։ Ոչ ոք չի ցանկանում բանակցել այն մարդկանց հետ, ովքեր խոշտանգել են մեր մարդկանց, բայց մենք չենք կարող կորցնել դիվանագիտական լուծման հնարավորությունը, եթե դա ունենք», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը: