Ռուսաստանի արտգործնախարարությունը Հայաստանի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի Բուչա քաղաք Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցի առիթով:
«Մենք գնահատում ենք մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և հայկական դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցելությունը Բուչա քաղաք որպես բացահայտ ոչ-բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից: Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման և այնտեղ Ռուսաստանի հասցեին արված անթույլատրելի հայտարարությունների կապակցությամբ բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ», - ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունում, որ հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքէջում:
«Այնպիսի գործչից, ինչպիսին արևմտամետ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակից Տիգրան Տեր-Մարգարյանն է, մենք այլ բան չէինք էլ սպասում: Ցավալի է, որ դրան միանում են հայաստանյան իշխանությունները», - ամփոփել է Զախարովան:
Կարապետյանը և Տեր-Մարգարյանը Կիևի մարզի Բուչա քաղաք են այցելել շուրջ մեկ շաբաթ առաջ: Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը մասնավորապես ասել է. - «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։
Ըստ նույն հաղորդագրության, հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատություններին։«Ուկրաինայի ԶՈՒ-ի կարիքների համար» ենթադրյալ օգնության մասին հաղորդագրությունում որևէ հիշատակում չկա: