Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգորոդ, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Գործակալությունը դեսպանի այցից նաև տեսանյութ է հրապարակել։
Բելգորոդում ավերված բնակելի շենքի տեսարանը մարդկանց վշտի չափի ցուցիչ է, ըստ աղբյուրի, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Հարությունյանն ու ցանկություն հայտնել, որ այս ամենն արագ ավարտվի։
Մայիսի 12-ին հաղորդվեց, որ Ռուսաստանի Բելգորոդ քաղաքում բնակելի շենքի մեկ ամբողջ շքամուտք է փլուզվել՝ 10 հարկով, հաղորդվեց նաև 17 զոհի մասին։ Բելգորոդը հարվածի համար մեղադրում է Ուկրաինայի զինված ուժերին։
Հունիսի սկզբին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Ուկրաինայի Բուչա քաղաք։ Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ հայկական պատվիրակությունը մարդասիրական օգնություն էր նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատություններին։ Մոսկվան, սակայն, Երևանին բողոքի նոտա էր հղել հայաստանցի պաշտոնյաների Բուչա այցի առիթով։