Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պատերազմում մարդկային մեծ կորուստներ ունեն

Ռուսաստանցի զինծառայողներ Մոսկվայի Հաղթանակի այգում, մայիս, 2024թ.

Ռուսաստանում երիտասարդ տղամարդկանց շրջանում 23 և 22 թվականներին մահացության կտրուկ աճ է արձանագրվել. սա է փաստում պետական վիճակագրության դաշնային ծառայության՝ «Ռոսստատ»-ի վերջին ուսումնասիրությունը։

Meduza-ն ու Mediazona-ն վիճակագրություն հետազոտող Դմիտրի Կոբակի հետ օգտագործել են այս տվյալները ռուսական ռազմական կորուստները գնահատելու համար։ Ըստ նոր տվյալների՝ տղամարդկանց մահացությունը ոչ միայն բարձր է մնացել 2023 թվականին, այլև գրեթե երկու անգամ ավելի է 2022-ի ցուցանիշից։

Ըստ այդմ, պաշտոնական տվյալներով՝ 2022-ին երիտասարդ տղամարդկանց շրջանում գրանցվել է 24 հազար հավելյալ մահացություն, 2023-ին՝ 40 ազար 500։ Ըստ հետաքննող լրագրողների՝ սա նշանակում է, որ պատերազմի երկու տարում ուկրաինական ճակատում մահացել է մոտ 64 հազար ռուսաստանցի։ Այս տարվա տվյալները դեռ չկան։

Ռուսական և ուկրանական կողմերը պաշտոնապես զոհերի մասին տվյալներ վաղուց չեն հրապարակել։ Սակայն անկախ աղբյուրների հետազոտությունները փաստում են, որ թե՛ ագրեսիան սկսած Ռուսաստանը, թե՛ այդ ագրեսիային դիմակայող Ուկրաինան մեծ կորուստներ ունեն։

Մեկ այլ անկախ հարթակ՝ "Важные истории"-ն «Ռոսստատ»-ի հրապարակած տվյալներին հղում անելով ավելի մեծ թիվ է ներկյացնում՝ պնդելով, թե վերջին երկու տարում 71 հազար մարդ է զոհվել ռուսական բանակում։

Ավելի վաղ էլ BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն, որ ներխուժման սկզբից ռուսական կողմի զոհերի սեփական հաշվարկն են անում, գրել էին, թե հունիսի կեսերի տվյալներով՝ հաստատել են 56 հազար 452 ռուս զինվորականների մահվան դեպք։ Հրապարակումների հեղինակները տվյալները հավաքում են բաց աղբյուրներից՝ մարզային իշխանությունների հաղորդագրություններից, սոցիալական ցանցերում մահախոսականներից, լրատվամիջոցների հրապարակումներից և կրկնակի ստուգում դրանք։

Երիտասարդ տղամարդկանց շրջանում մեծաթիվ մահերի պարագայում ինչպե՞ս է Ռուսաստանը լրացնում զինվորների պակասը։ Երեկ այդ հարցին մասամբ պատասխանել էր Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը՝ հայտարարելով, թե իր գործակալությունն արդեն 10 հազար միգրանտ է ուղարկել ուկրաինական ճակատ և պատրաստվում է ևս 20 հազարին ուղարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի քաղաքացիություն ստացած 10 հազար միգրանտներ ուղարկվել են Ուկրաինայի դեմ պատերազմելու

Սոցիոլոգ Իգոր Էյդմանն ասում է՝ իշխանությունները միգրանտների հետ վարվում են գրեթե նույն կերպ, ինչպես բանտարկյալների հետ:

«Ընդհանրապես, Ռուսաստանի իշխանությունները որոշել են այս պատերազմը վարել գերիների, ծայրամասերի բնակիչների, գործազուրկների, շատ մեծ պարտքերի տակ գտնվող, ցածր կենսամակարդակ ունեցող մարդկանց հաշվին, որոնց համար ճակատ մեկնելը փող աշխատելու միակ միջոցն է», - նշում է Էյդմանը:

Այս մոտեցումն, ըստ մասնագետի, կարող է որոշ ժամանակ աշխատել, բայց դրա ռեսուրսները սպառվում են: Նրա գնահատմամբ՝ եթե պատերազմը շարունակվի, նոր մոբլիլիզացիան Ռուսաստանում անխուսափելի կլինի. - «Որոշ ժամանակ անց Ռուսաստանի իշխանությունները կկանգնեն մոբիլիզացիայի նոր ալիք սկսելու անհրաժեշտության առաջ՝ կարկատելու այն անցքերը, որոնք անընդհատ ձևավորվում են ռազմաճակատում, քանի որ այնտեղ բազմաթիվ ռուս զինվորներ են մահանում»:

Իսկ պատերազմը շարունակվում է ոչ միայն ճակատի տարբեր ուղղություններով, այլև փաստացի ուկրաինական ու ռուսական քաղաքներում։ Ընդ որում՝ ռազմական ակտիվ գործողությունների ֆոնին թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը սկսել են խոսել հնարավոր հրադադարի ու բանակցությունների մասին։

Երեկ, մասնավորապես, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում ասել է, թե Կիևը չի ուզում, որ պատերազմը երկար տևի, քանի որ չափազանց շատ ուկրաինացի զինվորներ են զոհվում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան ԵՄ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց

Ռուսական կողմը թեև խոսում է իր պայմաններով բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, իր զինվորների կյանքը խնայելու նպատակով պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություններ չի արել: