Սիրիայում զինյալները վերահսկողություն հաստատեցին նաև Դարաայի շրջանի նկատմամբ

Սիրիա - Իսլամիստ զինյալները Հոմսի շրջանում, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Սիրիայի իսլամիստ զինյալները վերահսկողություն են հաստատել երկրի ևս մեկ կարևորագույն շրջանի՝ Դարաայի վրա, է՛լ ավելի մոտենալով մայրաքաղաքին։ Ապստամբների հրամանատար Հասան Աբդել Ղանին հայտարարել է, որ զորքերը մայրաքաղաքից ընդամենը 20 կմ են հեռու։

Սիրիայի կառավարական ուժերը հիմնականում դուրս են եկել հարավային շրջաններից։ Նրանք տեղափոխվում են երկրի կենտրոն՝ պաշտպանելու Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքը՝ Հոմսը, որին երեկ մոտեցան իսլամիստ ապստամբները։ X-ում տարածված տեսանյութը վկայում է, որ զինյալներն Հոմսում արդեն սկսել են մարտերը։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եթե զինյալների հաջողվի գրավել Հոմսը, դա կապահովի նրանց առաջխաղցումը դեպի մայրաքաղաք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զինյալները շարունակում են տարածքներ գրավել ՍիրիայումԱպստամբ զինյալները մոտեցել են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաք Հոմսին

«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդը զինյալներին կոչ է արել պատրաստ լինել՝ գրավելու Դամասկոսը: «Դամասկոսը սպասում է ձեզ», - Տելեգրամում գրել է Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան:

Սիրիայի կառավարությունը հայտնում է, որ զորքերը չի հեռացրել մայրաքաղաքի շրջակայքից։

Նոյեմբերի 27-ին սկսած կայծակնային հարձակման հետևանքով զինյալների վերահսկողության տակ է անցել երեք քաղաք, այդ թվում՝ Հալեպն ու Համան։ Սիրիայի արևելքում քուրդ զինյալներն էլ գրավել են Դեյր Զոր խոշորագույն քաղաքը։

Մինչ Սիրիայում շարունակվում էին մարտերը, այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում Սիրիայի հարցով հանդիպում են ունեցել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի ուշ հայտնել է, որ Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ցանկանում են Սիրիայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում՝ կոչ անելով կողմերին երկխոսություն սկսել։

«Մենք կոչ ենք արել դադարեցնել թշնամական գործողություններն ու երկխոսություն սկսել կառավարության և լեգիտիմ ընդդիմության միջև», - հայտարարել է Լավրովը:

Նա միևնույն ժամանակ ասել է, թե անթույլատրելի էր թույլ տալ «ահաբեկչական խմբավորումներին» իրենց վերահսկողության տակ վերցնել սիրիական հողերը։

Իրաքը Սիրիայի կառավարական հարյուրավոր զինվորականների է ընդունել։ France-Presse-ի աղբյուրների հաղորդմամբ՝ նրանցից ոմանք վիրավոր են։

Հալեպում սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն օր-օրի բարձրանում են

Զինյալների կողմից գրավված Հալեպում վերջին օրերին խաղաղ է, սակայն մարդիկ չեն կարողանում աշխատանքի գնալ, քաղաքից դուրս գալ էլ հնարավոր չէ։ Տեղի հայ համայնքից հայտնում են, որ արդեն սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների գներն օր-օրի բարձրանում են։

Հալեպի «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն «Ազատությանը» փոխանցեց. - «Զուսպ հանդարտություն է տիրում քաղաքում, վաճառատները բաց են, սննդամթերքի տագնապ չկա: Առայժմ մարդիկ փորձում են իրենց վաճառատները բացել, բայց անգործություն է տիրում: Հիմնական դժվարությունը տնտեսական տագնապն է: Անշուշտ Ազգային առաջնորդարանը ժողովրդի հետ է, ժողովրդի մոտ է, միշտ փորձում է հանդարտության կոչ ուղղել: Այս քանի օրը նյութական օժանդակություն կբաշխվի ժողովրդին, որպեսզի կարելի լինի նյութական դժվարությունները հաղթահարել, որովհետև տակավին մարդիկ չեն աշխատում, և տնտեսական տագնապ կարող է առաջանալ, որովհետև գները եռապատիկ, քառապատիկ բարձրանում են»:

Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Մարի Գաբրիելյանի խոսքով՝ «զարգացումներ չկան, նույն իրավիճակն է, ընդդիմությունն իշխում է քաղաքի վրա, փորձում են բնականոնացնել»: «Հիմնական խնդիրը սղաճի հարցն է, որովհետև անհամեմատելի՝ օրական, ամեն ժամ սնունդը կամ այլ անհրաժեշտ իրերը սղաճ են արձանագրում: Այդ պատճառով ժողովրդի հիմնական խնդիրն այդ է՝ ապրանքատեսակների կամ սննդի առատություն է, այո, բայց անբնական թանկ է», - նշեց Գաբրիելյանը:

Սիրիայի ամենահայաշատ քաղաքում հոսանքը ժամով է տրվում, ինտերներ կապը խափանումներով է գործում, ջուրն էլ է ժամանակ առ ժամանակ անջատվում։

«Էլեկտրականությունը ամբողջ օրվա ընթացքում շուրջ երկու ժամ է մատակարարվում: Ջրի խնդիրը երկու օր է լուծված է, այսինքն՝ այսօր ջրի խնդիր չունենք», - ասաց Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակը:

Օրեր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ Երևանը դեռ չի պատրաստվում Հալեպից տարհանել Հայաստանի քաղաքացիներին ու սիրիահայերին։ Ըստ Արտգործնախարարության՝ այս պահին անհնար է անվտանգ տարհանումը։ Քաղաքն ամբողջությամբ զինյալների վերահսկողության տակ է։

Դեկտեմբերի 14-ին նախատեսվում է Դամասկոսից Երևան մեկ չվերթ։ Հայաստան կգան սիրիահայեր Դամասկոսից ու այլ շրջաններից։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից «Ազատությանը» հայտնել էին, որ սա Հալեպ-Երևան փոփոխված թռիչքն է՝ մարդիկ ցանկանում էին Հայաստան գալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հալեպից տարհանում դեռ հնարավոր չէ. դեկտեմբերի 14-ին Հայաստան կգան սիրիահայեր Դամասկոսից ու այլ շրջաններից Հալեպում դպրոց-մանկապարտեզները դեռ փակ են. ինչ է պատմում հայ համայնքի ներկայացուցիչը