Մատչելիության հղումներ

Հալեպում դպրոց-մանկապարտեզները դեռ փակ են. ինչ է պատմում հայ համայնքի ներկայացուցիչը


Հալեպի փողոցներում հիմա իսլամիստներն են։ Հալեպում ապրող Մարիա Գաբրիելյանը պատմում է՝ նրանք առայժմ խուսափում են շփումներից: Հայերը քիչ-քիչ, զգուշությամբ, մի քանի ժամով գործի են դուրս գալիս, բացում խանութները:

Ավելի քան 10 հազարանոց հայկական համայնքն առանց հացի չի մնում, վստահեցնում է Գաբրիելյանը. «Արամ Մանուկյան» կենտրոնում բաժանում են:

Անթիլիասից գումար են խոստացել Հալեպի բոլոր հայկական ընտանիքներին։ Այստեղ հիմա ամեն ինչ գրեթե եռակի թանկացել է։

Դպրոց-մանկապարտեզները դեռ փակ են, ապստամբները կրթական ծրագրերը փոխելու մասին են հայտարարել, ասում է Մարիա Գաբրիելյանը։

Հալեպն ընկա՞վ, թե՞, այնուամենայնիվ, ժամանակավոր է Թուրքիայի աջակցությունը վայելող իսլամիստ խմբավորումների հսկողությունն այստեղ։ Ոչ ոք չգիտի։ Վախի, անորոշության ու անկանխատեսելի կացության մեջ են մարդիկ, պատմում է Մարիան։

Հալեպի կենտրոնում թուրքական դրոշներ չեն նկատել, մեկն է երևացել արվարձանում, լսեցին՝ ժամանակավոր է եղել։ Քաղաքից դուրս գալու անվտանգ ուղիներ առայժմ չկան։ Մարիա Գաբրիելյանն ասում է՝ ոչ մեծ թվով ընտանիքներ օրեր առաջ, այնուամենայնիվ, հեռացել են:

Հայերի շրջանում միակ զոհը՝ 66-ամյա բժիշկ Արսլանյանը, նույնպես հեռանում էր քաղաքից, երբ դիպուկահարի կրակոցը նրան հասավ։ Մարմինն, ի դեպ, Հալեպ տեղափոխել չի ստացվում։ Քաղաք ելումուտը ռիսկային է:

Հակակառավարական զինված խմբավորումներն արդեն Հալեպում էին, երբ պարզվեց, որ Հալեպում չէ Հայաստանի հյուպատոսը։ Երևանից պարզաբանեցին, թե Արա Ավետիսյանը բախումներից առաջ լիազորագրեր ստանալու համար Դամասկոս է մեկնել ու վերադառնալ չի կարողացել։ Հյուպատոսարանն այլ աշխատակիցներ էլ ունի, Հալեպից ասում են՝ նրանք նույնպես չկան։

Արա Ավետիսյանից մեկնաբանություն ստանալ չկարողացանք։ Դամասկոսի Հայաստանի դեսպանատանն է աշխատում, ասաց՝ զբաղված է։

Մինչ իսլամիստ ապստամբները ծավալվում են Հալեպում, այստեղ հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում հայերը պատարագի էին հավաքվել՝ բոլորի դեմքերին միայն տագնապ է։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.

XS
SM
MD
LG