Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում իրավիճակը, կարևորել խնդրի դիվանագիտական լուծումը


Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․
Էրդողան-Պուտին հանդիպում Սոչիում, 4-ը սեպտեմբերի, 2023թ․

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 3-ին հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակը, շեշտել Սիրիայի հյուսիսում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանն ասել է, որ ամենակարևոր խնդիրը խաղաղ բնակչությանը չվնասելն է՝ շեշտելով՝ Սիրիան չպետք է դառնա ավելի մեծ անկայունության աղբյուր։

«Մի կողմից Թուրքիան աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը, մյուս կողմից՝ ձգտում է հակամարտության արդար և կայուն լուծմանը», - ասել է Էրդողանը՝ կարևորելով հարցի դիվանագիտական լուծումը․ - «Սիրիական ռեժիմը պետք է ներգրավվի խնդրի քաղաքական լուծման գործընթացում»։

Թուրքիան ամեն ինչ անում է Սիրիայում հանգստություն ապահովելու համար, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը՝ հավելելով՝ Թուրքիան վճռական է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» և նրա ճյուղերի դեմ պայքարում, որոնք փորձում են օգտվել Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններից։

Ռուսական կողմը հաղորդում է, որ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կապի մեջ լինել՝ կարգավորման ուղիներ գտնելու համար։

Պուտինն ընդգծել է «արմատական խմբավորումների կողմից սիրիական պետության դեմ ահաբեկչական ագրեսիան շուտափույթ դադարեցնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, օգտագործելով տարածաշրջանում Անկարայի ունեցած հնարավորությունները»։

Նշվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև համակարգման կարևորությունը՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման գործում։

Էրդողանի ու Պուտինի հեռախոսազրույցը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության կողմից նոյեմբերի 28-ին Հալեպի ուղղությամբ ձեռնարկված հարձակման ֆոնին։ Սիրիացի ապստամբներն անցած շաբաթ գրավել են Հալեպը մոտեցել Համա խոշոր քաղաքին։ Ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի՝ Սիրիայի հյուսիսում ապստամբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 602-ի։ Զոհերի թվում նաև 104 խաղաղ բնակիչներ կան։

Սա սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջին տարածքային առաջխաղացումն է 2020-ի մարտից ի վեր, երբ Ռուսաստանն ու Թուրքիան Իդլիբում հրադադարի շուրջ պայմանավորվեցին: Անկարան, ի տարբերություն Թեհրանի և Մոսկվայի, աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG