Ապստամբ զինյալները մոտեցել են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաքին՝ Հոմսին, այսօր առավոտյան նրանք քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող երկու բնակավայր են մտել, հաղորդում են լրատվամիջոցները:
Տեղական մամուլը գրում է՝ այս բնակավայրեր մտնելիս զինյալների կառավարական ուժերի կողմից դիմադրության չեն հանդիպել:
Այս բնակավայրերից Թալբիսեհը 1,5 միլիոն բնակչություն ունեցող Հոմսից շուրջ 10 կիլոմետր է հեռու։ Խոշոր մեկ այլ Համա քաղաքը երեկ էր զինյալների հսկողության տակ անցել: Կառավարական ուժերը հայտարարել էին, թե դուրս են բերում զորքերը քաղաքում մարտերից խուսափելու համար:
Նախագահ Բաշար ալ Ասադի կառավարությունից պնդում են, թե զորքերը դուրս բերելու որոշումը տակտիկական է ու խոստանում վերադարձնել կորցրած տարածքները։ Այժմ էլ հայտարարում են, թե դաշնակից ռուսական ուժերի հետ համատեղ օդային հարվածներ են հասցնում Համայի շրջանի ուղղությամբ՝ սպանելով տասնյակ զինյալների։
Ստացվում է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդությամբ զինյալներն ընդամենը մեկ օրում ևս 30 կիլոմետր են առաջացել։ Հայտարարում են՝ մայրաքաղաք Դամասկոս են շարժվելու, նախագահ Բաշար ալ Ասադի նստավայրից նրանց մոտ 160 կիլոմետր է բաժանում։
Մեծ Բրիտանիայում գործող մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբումը, որ անսպասելի բնորոշումը ստացած հարձակման առաջին օրերից ակտիվորեն իրավիճակի վերաբերյալ թարմ տեղեկություններ է հայտնում, ընդգծում է՝ Հոմսի համար մարտը վճռորոշ կլինի։
Նպատակը նախագահ Ասադին հեռացնելն է, CNN -ին տված հարցազրույցում հայտարարել ապստամբների առաջնորդ Աբու Մոհամմեդ ալ - Ջուլանին. - «Ռեժիմի պարտության սերմերը միշտ էլ կային, այն մահացած էր, բայց Իրանը փորձում էր վերականգնել, ժամանակ շահել, հետո ռուսները միացան, բայց իրականությունն այն է, որ այս ռեժիմը մեռած է»
Լրատվամիջոցները գրում են՝ նախագահ Ասադին աջակցող Հոմսի հազարավոր բնակիչներ փախչում են դեպի Դամասկոս: