Հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը Կառավարությունն ԱԺ է ուղարկել, ստորագրումից 40 օր անց Ադրբեջանում, սակայն, գործընթացը սկսելու մասին նախկինի նման ոչ մի տեղեկություն։
Խորհրդարանական քննարկման ժամանակ հիմնական զեկուցողը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանն է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունն ԱԺ է ուղարկել Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգըՍահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ին սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԴ-ն սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեցԸնդդիմադիր երկու խմբակցությունները կանոնակարգի տեքստը հրապարակվելու պահից այն խնդրահարույց են համարում, դրանով նոր զիջումների վտանգ տեսնում։
Արդյոք մասնակցելո՞ւ են քննարկումներին, եթե՝ այո, ինչպե՞ս են քվեարկելու, դեռ չեն հստակեցնում։
«Պիտի հստակ գիծ ֆիքսվի, որ ամբողջ սահմանի համար է ընդհանուր, չի կարող Տավուշում մի քարտեզով իրականացվել, Սյունիքում՝ մեկ այլ քարտեզով», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը:
Սահմանազատման կանոնակարգում կոնկրետ թվականի քարտեզ ֆիքսված չէ, Ալմաթիի հռչակագիրը որպես սահմանազատման սկզբունք ամրագրված է, բայց եթե խաղաղության համաձայնագրով այլ սկզբունք եղավ, դա էլ կհամապատասխանեցվի պայմանագրին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգըՍահմանազատումը կշարունակվի կանոնակարգի հաստատումից հետո, թե որ հատվածներում՝ Երևանն ու Բաքուն դեռ պիտի համաձայնեցնեն։ Ընդ որում, ըստ խորհրդարան ներկայացված տեղեկանքի, Կառավարությունը պնդում է, որ կանոնակարգից բացի սահմանազատումը պետք է ամրագրվի պետական սահմանի մասին պայմանագրով։
Քրիստինե Վարդանյանն ասում է՝ որևէ մեկը դեմ չէ սահմանագծմանն ու սահմանազատմանը, բայց դա պետք է տեղի ունենա առանց ուժի սպառնալիքի:
«Ես ինքս տեսել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխանակվող պայմանագրի մի քանի տարբերակ, ու դա միշտ եղել է Ադրբեջանի պահանջ՝ հատվածական սահմանագծման և սահմանազատման, փաստացի բավարարվել է այս փաստաթղթով», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Ընդդիմադիր խորհրդարանականը կարծում է՝ կանոնակարգը կարող էր նաև Սահմանադրական դատարան չուղարկվել, վավերացման այս ճանապարհն ընտրվեց, որպեսզի Բարձր դատարանը, ըստ նրա, մեկնաբանի Բաքվի համար խնդրահարույց Անկախության հռչակագիրը:
«Իրականում այս գործընթացի ամբողջ խնդիրը այն էր, որ կատարվի Իլհամ Ալիևի պահանջներից ևս մեկը: Վերջին շրջանում չէ՞ որ Ադրբեջանից շատ էր հնչում Սահմանադրության փոփոխության կետը, ու հատկապես նախաբանին էր հարվածը, բայց քանի որ նախաբանը Սահմանադրության չի կարող փոփոխվել, իրենք որոշել են հարցը այսպես լուծել՝ ուղարկել ՍԴ, ՍԴ-ն մեկնաբանություն տա, որ դա այլևս պատկաման փաստ է և որևէ էական ազդեցություն չունի, չի կարող ունենալ երկրի կյանքում, և դա ներկայացնել որպես, էսպես, էդ պահանջի բավարարում», - համոզված է Վարդանյանը:
Ի դեպ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն, որը դեմ է քվեարկել կանոնակարգին, իր հատուկ կարծիքում գրել է, թե Սահմանադրության նախաբանի վերլուծությունն ընդհանրապես անհրաժեշտ չէր, քանի որ պարզ չէ, թե Հայաստանի Անկախության մասին հռչակագրի որ
ձևակերպումն է խնդիր առաջացնում կանոնակարգի վավերացման համար:
Իշխանական պատգամավորներն այսօր ձեռնպահ մնացին մեկնաբանություններից։ Ավելի վաղ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարել էր. - «Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից օկուպացված տարածքներ կան՝ շուրջ 200, ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց նաև ասում ենք, որ մենք էդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև ձեր մատնանշած կանոնակարգը ստեղծում է հնարավորություն, որ իրավական, դիվանագիտական, բանակցային ճանապարհով էդ խնդիրը լուծվի»:
Վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է պետք, իշխանությունն առանց ընդդիմության էլ բավարար քվեներ ունի։ Իսկ վավերացման համար ընդամենը մեկ քվեարկություն կլինի։ Գլխադասայինը արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է, օրենքի նախագիծն Ազգային ժողով է ուղարկվել սեպտեմբերի 30-ին։ Պատգամավորները դրանից հետո 14 օրում կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել։
Խորհրդարանի հերթական նիստը հոկտեմբերի 22-ին է, արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է հանգիստ հասցնել հաջորդ շաբաթ նիստ գումարել, դրանից հետո վավերացման հարցը նաև հաջորդ քառօրյայի օրակարգում ընդգրկել։ Համենայն դեպս, ժամկետների առումով դա լրիվ հնարավոր է։
«Ադրբեջանում ի՞նչ գործընթաց է ընթանում: Հայաստանը գերարագացված տեմպերով բոլոր ներպետական վավերացումներն անցնում է ու հակասահմանադրական որոշում է կայացնում Սահմանադրական դատարանը, բերում են արագացված տեմպերով խորհրդարան, Ադրբեջանում որևէ արձագանք չկա, ես չգիտեմ էլ անգամ՝ այնտեղ վավերացվելու է՞, թե՞ չէ», - ընդգծեց Քրիստինե Վարդանյանը:
«Չգիտեմ, հարգելիս, ես իրենց օրենսդրությանը էդքան էլ լավ ծանոթ չեմ, բայց կարծում եմ՝ իրենց նախագահի ստորագրությամբ է, որ բոլոր հարցերը լուծվել ... չգիտեմ, սա իմ կարծիքն է», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Մինչ Հայաստանում կանոնակարգի վավերացմանն ընդամենը մեկ քայլ է մնացել, Ադրբեջանում այս հարցի շուրջ անորոշություն է։ Բաքուն նույնիսկ դրա տեքստը չի հրապարակել։