Մատչելիության հղումներ

Միրզոյանը Վարշավայում խոսել է մտահոգություններից, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում


Լեհաստան - Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, 2-ը հոկտեմբերի, 2024թ.
Լեհաստան - Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը, 2-ը հոկտեմբերի, 2024թ.

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

«Չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել։ Հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է։ Այստեղ կա և՛ լավ, և՛ վատ լուր։ Լավն այն է, որ մենք ադրբեջանական կողմի հետ կարողացել ենք որոշ հաջողությունների հասնել։ Օրինակ՝ վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը՝ սահմանագծման կանոնակարգը։ Մենք համաձայնել ենք, որ գործընթացի հիմքում պետք է լինի Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչը որոշակի ձեռքբերում է։ Դա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ։ Վատ լուրն այն է, որ մենք գրեթե ավարտել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, բայց չենք ստորագրում այն», - ասել է նախարարը։

Միաժամանակ Միրզոյանը ֆորումի մասնակիցներին փոխանցել է հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում. - «Միայն մեկ օրինակ բերեմ. ադրբեջանական կողմն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը», որն ուղղակի վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքին։ Նրանք մեզ վստահեցնում են, որ դա տարածքային պահանջ չէ, բայց, ցավոք, տպավորությունը տրամագծորեն այլ է։ Ես անձամբ ինքս որևէ վստահություն չունեմ Ադրբեջանի խաղաղարար նպատակների հարցում»։

Երևանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց խաղաղության պայմանագրի այս պահին համաձայնեցված տեքստը ստորագրելու, չհամաձայնեցված հարցերը ապագային թողնելու պատրաստակամությունը։ Փաշինյանի այս առաջարկը Բաքուն մերժել է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

«Հայ հասարակությունում մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, այդ երկրի հետ դաշնակցության հանդեպ». Միրզոյան

Անդրադառնալով հարաբերությունները սառեցրած ՀԱՊԿ-ից դուրս գալու հեռանկարին՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը հաշվարկում է դրա բոլոր ռիսկերը, կարևորում կայունությունը։

«Այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի և այդ երկրի հետ դաշնակցության հանդեպ։ Հայ ժողովուրդը տասնամյակներով համոզված էր, որ եթե հարձակում լինի Հայաստանի վրա, Ռուսաստանը կօգնի, կպաշտպանի մեզ։ Հիմա մարդիկ տեսան, որ դա այդպես չէ, մենք աջակցություն չստացանք։ Ավելին, 2020-ի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ երաշխավորելու բնակչության անվտանգությունը։ Բայց, այս բռնի տեղահանության ժամանակ տեսանք, որ այդ առաքելությունը չգործեց, նրանք չարդարացրին իրենց», - նշել է նա։

«Էլ չասած, որ մենք Ռուսաստանի և այլ երկրների հետ ՀԱՊԿ-ի անդամ ենք, և երբ մենք հարձակման ենթարկվեցինք մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին, կրկին տեսանք, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ ՀԱՊԿ-ի մեր ֆորմալ դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքն առնվազն չէր համապատասխանում մեր ակնկալիքներին։ Բնականաբար սա մեծ հիասթափություն առաջացրեց, հայ ժողովուրդը հիմա այլ տարբերակներ է դիտարկում», - հավելել է Արարատ Միրզոյանը:

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Համոզված ենք, որ եթե հաջողություն գրանցենք հայ-թուրքական հարաբերություններում, դա դրական կազդի նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների վրա. Միրզոյան

Փոխարենը արտգործնախարարը գոհունակությամբ է խոսել հայ-ադրբեջանական սահմանին հայկական կողմից տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելության մասին՝ հիշեցնելով, որ նրանց օրոք որևէ լուրջ միջադեպ չի գրանցվել։ Արարատ Միրզոյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել հայ-թուրքական կարգավորման մթնոլորտը, պնդել, որ նախապայմաններ չկան, սակայն դժգոհել է, որ դեռ կյանքի չեն կոչվում նախկին պայմանավորվածությունները։

«Մեր թուրք գործընկերներն ասում են, որ միակ խնդիրը դեռ չկարգավորված հայ-ադրբեջանական հարաբերություններն են։ Մինչդեռ մենք համոզված ենք, որ եթե հաջողություն գրանցենք հայ-թուրքական հարաբերություններում, դա դրական կազդի նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների վրա», - ասել է նա։

Օրեր առաջ Նյու Յորքում՝ Նիկոլ Փաշինյան - Ռեջեփ Էրդողան հանդիպման արդյունքներով չէր հաղորդվել՝ վերջապես երբ կբացվի սահմանը գոնե երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես արդեն որոշվել է։

XS
SM
MD
LG