Բաքուն մեղադրել է Երևանին և Փարիզին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը չարաշահելու մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարությանը հայտարարել է, թե «խորապես ցավալի է, որ Հայաստանը Ֆրանսիայի բացահայտ աջակցությամբ և հովանավորությամբ չարաշահում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։
Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում երեկ ընդունվել է բանաձև, որով կազմակերպության լիիրավ անդամ 54 պետություններ համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին։
Ադրբեջանը, սակայն, պնդում է, թե Ֆրանսիան «կոպտորեն չարաշահել է կառույցում իր նախագահության կարգավիճակը», իսկ Հայաստանը խաղաղության գործընթացի նկատմամբ «անհետաքրքրություն» է դրսևորում։
Չնայած Երևանը բազմիցս հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի, Բաքուն կրկին պնդել է, թե Հայաստանը «ցանկացած առիթով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության ցանկություն ունի»։
Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրերս իր հայտարարությամբ հիշատակել էր ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։
Ադրբեջանը, մինչդեռ, կոչ է արել Հայաստանին հրաժարվել «սադրիչ քայլերից» և քաղաքական կամք և պատասխանատվություն դրսևորել՝ վերացնելու կարգավորման գործընթացը իր տրամաբանական ավարտին հասցնելու մնացած խոչընդոտները՝ առաջին հերթին փոփոխելով իր Սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի դրույթները, որոնք, ըստ Բաքվի, «տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
«Հայկական կողմը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ ընթանա կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհով, կա՛մ շարունակի առճակատումը բոլոր ուղղություններով», - ասված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
- Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները երեկվա բանաձևով ողջունել են 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրությունում վերահաստատված սկզբունքների հիման վրա սահմանազատման գործընթացում և միջպետական սահմանագծի վերականգնման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև խրախուսել են տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերաբացումը՝ ինքնիշխանության, ազգային իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հարգանքի հիման վրա:
- Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, որ կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։