Քանդվող Ֆիրդուսի վերջին հնաբնակները

«Նստած չենք զգացել կռիշը ոնց են քանդել։ Մեկ էլ դուրս եկանք միջանցք, տեսնենք արդեն գերաններն են հանում։ Միտումնավոր քանդել են, որ թողնենք գնանք». - հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուսի թաղամասի հնաբնակ Ամալյա Օհանյանը զայրացած է՝ գաղտագողի եկել, երկհարկանի տան տանիքը քանդել են:

«Էս գերակա շահի համար ես երկու անգամ ինֆարկտ եմ տարել, մի անգամ՝ ինսուլտ, հիմա խոսել էլ չեմ կարողանում», - ասում է 78-ամյա կինը:

Նա ցույց է տալիս պապական տունը, որի երկրորդ հարկն այլևս չկա՝ օդից կախված մի պատշգամբ է, կիսաքանդ պատեր ու հատակ, որն այժմ առաջին հարկում բնակվող կնոջ ու նրա թոռան տան տանիքն է դարձել։ Անցած շաբաթվա անձրևից խոհանոցի առաստաղը սկսել է քանդվել։

Երկրորդ հարկն ուրիշի սեփականությունն էր, հարևանը վերցնել է կառուցապատողի առաջարկած գումարն ու հեռացել։ Ամալյա Օհանյանի ավելի քան 360 քառակուսի մետր բնակարանի ու հարակից տարածքի համար ևս պատրաստ են վճարել՝ քառակուսին 2 հազար 800 դոլար։

«Իմ սեփականությունն է սա, ես ոչ մեկի ջրի գնով չեմ տա։ Իմ հայրական տունն է՝ էստեղ ամուսնացել, էստեղ երեխաներ ունեցել, թոռներ, հետո էլ՝ ծոռներ», - ասում է կինը:

Ի տարբերություն հարևանների, Օհանյանի տունը քանդելու, տարածքից վտարելու որոշում չկա։ Փաստաբանն անցած շաբաթ է դատի տվել քաղաքապետարանին, որը մեկ ամիս առաջ շենքը քանդելու թույլտվություն է տվել։ Տիգրան Եգորյանն ահազանգում է՝ Ամալյա Օհանյանի սեփականությունը դեռ օտարված չէ, նա դեռ իր գույքի սեփականատերն է, իսկ սա նշանակում է, որ քանդելու իրավունք չկա։ Դատարանն այժմ քննում է քաղաքապետարանի թույլտվությունն անվավեր ճանաչելու հարցը։ Երևանի քաղաքապետարանից փոխանցեցին՝ ավելի ուշ կպատասխանեն հարցերին, ավելի վաղ պնդել են՝ Ֆիրդուսը քանդում են օրենքով։

Տարեց կինը մտավախություն ունի, որ մինչև դատարանը որոշում կայացնի, ինքն ու այստեղ բնակվող թոռը կհայտնվեն դրսում, իսկ պապական տունը կհավասարեցվի հողին՝ հարևանների տների նման։

«Իմ համար ինչ-որ խնդալու գներ են առաջարկում, դատարան են ուղարկել, դատական պրոցեսով որ գնահատված է 1550 դոլարով», - «Ազատությանն» ասաց թաղամասի մեկ այլ բնակիչ՝ Դավիթ Խաչատրյանը, շարունակելով. - «Ես ուզում եմ կենտրոնում տուն առնեմ, կենտրոնի տունը սկսվում է 5 հազար 400 դոլարից քառակուսի մետրը՝ էս շենքում եմ ձեզ ասում»:

Դավիթ Խաչատրյանի պապական տունը նախորդ դարի 50-ականների հնաոճ կառույց է՝ գողտրիկ բակով։ Տանտերերն ամռան տապից պաշտպանվելու համար փոքր լողավազան են կառուցել, մրգատու ծառեր տնկել։

«Ես էլի եմ ասում՝ ես չեմ ուզում գումար, ինձ առեք քաղաքի սրտում տուն սեփական: Որովհետև իմ մայրը հիվանդ՝ ինսուլտով պառկած է հենց հիմա տանը պառկած է, ինքը չի ուզում այս տանից դուրս գա», - նշում է նա:

Իսկ մի քանի մետր հեռու նորակառույցում փոխհատուցումներով տներ չեն կարող գնել

Մի քանի մետր այն կողմ կառուցվող շենքում, սակայն, փոխհատուցումներով տներ չեն կարող գնել։ Կառուցապատողները պարտավոր են ոչ թե նույն վայրում բնակարան հատկացնել, այլ՝ գումար, իսկ գումարը երկու անգամ պակաս է կիսաքանդ տների կողքին վեր խոյացող նորակառույցների գներից՝ դրանք սկսվում են քառակուսին 5 հազար դոլարից։

Դեռ նախորդ իշխանությունների օրոք հանրային գերակա շահ ճանաչված Ֆիրդուս թաղամասի հնաբնակները մի քանի տասնյակ հայցերով դատարաններում են՝ արդար փոխհատուցում են պահանջում։

Կիսաքանդ, օդում կախված բաղնիք, ննջասենյակ, կենցաղային իրեր, գետնին թափված նոր կտրված ծառի ճյուղեր, գերաններ... իսկ մի քանի քայլ այն կողմ՝ ակտիվ շինարարություն:

«Էն էսթետիկան, իրենք որ ստեղծում են իրենց այս նոր ճարտարապետությամբ, դա ահավոր աբսուրդ է. ո՛չ տեխնիկապես, ո՛չ գեղեցկության առումով, ո՛չ ֆունկցիոնալության առումով չի համապատասխանում գեղեցիկ ապրելու սկզբունքներին», - ընդգծում է արվեստագետ Սիրանուշ Աղաջանյանը:

Աղաջանյանն ու մի քանի նկարիչներ օրերս արվեստանոցը թողել ու փորձում էին այգու ծառերը փրկել։ Պնդում են՝ ոչ ոք չէր զգուշացրել, որ կգան ու կքանդեն. - «Եղել են ինչ-որ անձնական իրեր, մեր երկաթյա պատշգամբը, մեր լողավազանը, երեք պտղատու այգի է էստեղ եղել, շատ, շատ մեծ: Սա, նայեք, բարդու ծառն է՝ երևի հարյուրամյա պատմություն ունեցող, երկու եղրևանի»:

Սա արդեն անցյալում է։ չորս տարուց ավելի այդ շենքն արվեստանոց է եղել, բայց շուտով կարող է վերածվել շինարարական աղբի։

«Այստեղ եղել են քանդակագործներ, նկարիչներ, երաժիշտներ, սթրիթ արտիստներ, ովքեր նույնպես պայքարել են Ֆիրդուսի պահպանման համար», - նշում է Աղաջանյանը:

Չնայած այս բողոքներին՝ իշխանությունները սեփականատերերին հորդորում են հետևել փոխհատուցումն ընդունած հարևանների օրինակին։ Ֆիրդուսում ժամանակին շուրջ 400 միավոր գույք է եղել, դրա մեծ մասն այլևս չկա։ Իսկ տեղում վեր են խոյանում թանկարժեք նորակառույցները։