Մատչելիության հղումներ

Ստորագրահավաք Ֆիրդուսի թաղամասում. բնակիչները պնդում են՝ իրենց տարածքները փորձում են կոպեկներով խլել


«Գերակա հանրային կոռուպցիա՝ կառավարության հսկողությամբ». սա հանրային գերակա շահ ճանաչված 33-րդ թաղամասի մուտքերին փակցված պաստառն է։ Արդեն երկու շաբաթ է բնակիչներն այստեղ ստորագրություններ են հավաքում, որպեսզի պայքարեն, ինչպես պնդում են, պետության ու կառուցապատողների անօրինությունների դեմ։

«Համայնքն իրար հետ որոշել է, ստորագրահավաք ենք իրականացրել, որպեսզի վերջին 10-15 տարիների ընթացքում ձևավորված բոլոր կոռուպցիոն, ոչ կոռուպցիոն մութ սխեմաները ջրի երես դուրս գան», - ասաց բնակիչներից Արա Շահունյանը:

Ավելի քան 2.000 քաղաքացի է միացել միջազգային աուդիտ անցկացնելու Ֆիրդուսի բնակիչների ստորագրահավաքին։

«Ի՞նչն է մեզ խանգարում, որ այդ համարժեք փոխհատուցումն իրականանա, դա պարզելու համար մեզ պետք է միջազգային անկախ աուդիտ, որովհետև մենք արդեն չենք վստահում այս կառույցներին, որոնք սրանով զբաղվել են 10-15 տարի՝ մարդկանց ձեռք առնելով, ետնախորշեր, կռիսանոցներ անվանել, արժեզրկում են այն, ինչն իր համարժեք արժեքն ունի», - նշեց բնակիչը:

Արա Շահումյանն ու նրա մի քանի հարևանները պնդում են՝ 2000-ականներից իրենց պապական տարածքները փորձում են կոպեկներով խլել իրենց ձեռքից՝ զլանալով անգամ տարածքում վեր խոյացող նորակառույցներում բնակարաններ հատկացնել։

«Ինձ մեկ է, ես փողի համար չեմ այստեղ, ինձ իմ հողն է պետք, ես հողի սեփականատերն եմ», - նշեց նա:

Կառավարությունը դեռ 2006 թվականից է Ֆիրդուսի թաղամասը ճանաչել հանրային գերակա շահ և կառուցապատման իրավունք տվել «Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ին։ Այս ընկերությունը, սակայն, անցած տարիներին ոչինչ չի կառուցել տարբեր, այդ թվում՝ ֆինանսական պատճառներով։ Պետական ռեգիստրի տվյալներով, ընկերությունը դեռ 2021-ից արգելանքի տակ է, իսկ գործունեությունը՝ սահմանափակված։

«Սիթի սենթըր դիվելըփմենթ»-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Էդուարդ Մելիքյանին, որի հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել։ Այժմ Ֆիրդուսում կառուցապատումն իրականացնում են նույն Էդուարդ Մելիքյանի ստեղծած նոր՝ 17 ընկերությունները, որոնք արդեն վաճառքի են հանել դեռ չկառուցված բնակարանները։

«Ոչ մի խելամիտ առաջարկ չի արվել»

«Կոնկրետ մեր պետության բոլոր կառույցները աշխատում են ի շահ կառուցապատողի, չգիտեմ ինչի համար, բա էս ժողովուրդը ստեղ ի՞նչ եղան, բա էս բնակիչների համար ո՞վ պիտի մտածի», - ասաց բնակիչներից Վլադիմիր Գսպոյան:

Համացանցում արդեն պտտվում է «Արև» կոչվող թաղամասի գովազդը՝ քառակուսի մետրի գինը սկսվում է 4500 դոլարից՝ ընդ որում գներն ամսեամիս բարձրանում են։ Մինչդեռ այստեղ սերունդներով ապրող մարդկանց կառուցապատողները կախված տարածքից մի քանի անգամ պակաս՝ 400-1700 դոլար փոխհատուցում են առաջարկում։ Այդ գումարով նույն թաղամասում բնակարան գնել չի լինի, ասում է Վլադիմիր Գսպոյանը։

«Ոչ մի խելամիտ առաջարկ չի արվել, գնացել ենք, տեսել ենք բարձունքների վրա Կոմիտաս Երաժիշտների շենքն է, մերը 133 քառակուսի է, այնտեղ 100 քառակուսի է, ուզեցել են փոխեն, մեր տան դիմաց տան էն տունը, որ մենք ստեղից դուրս գանք», - ներկայացրեց Գսպոյանը:

Քաղաքապետարանը կառուցապատողի հետ համաձայնության չեկող բնակիչներին մայրաքաղաքի այլ մասերում է տներ առաջարկել։ Բայց բնակիչները հրաժարվում են՝ պնդելով, որ նույնիսկ Երևանի ծայրամասում կդժվարանան այդ գումարով տուն գնել։

Ցածր փոխհատուցման հետ չի համակերպվել ու ձեռնունայն է մնացել նաև Բաղիյանների ընտանիքը. - «Քանդել ենք էս տունը և սրանն էլ չեն տալիս, վարձերը չեն տալիս: Պայմանագրի մեջ, որ տունը քանդում են, ի սկզբանե պայմանավորվածությունը տենց է եղել՝ ամսական պիտի գումար հատկացնեին 36 ամիս, որ դուք մի տեղ կացություն ապահովեք մինչև տները սարքեն տեղափոխվեք»:

Երևանի իշխանությունները, սակայն, հակադարձում են՝ օրենքով են առաջնորդվում։ Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը պնդում է՝ գները որոշում են ոչ թե իրենք կամ կառուցապատողները, այլ՝ գնահատող կազմակերպությունները։

«Այնուամենայնիվ, բանակցությունների արդյունքում միգուցե իրենց ուզած գինը վճարվում է։ Իսկ եթե էդ համաձայնությունը չի լինում, այս պարագայում ամեն դեպքում էդ քաղաքաշինական ծրագիրը պետք է իրականացվի, էդ թաղամասը պետք է վերակառուցվի», - ասաց Երանյանը:

«Այսպիսի միջամտություն մարդու սեփականությանը, նույնիսկ լեգիտիմ միջամտություն, անթույլատրելի է ուղղակի»

Փաստաբան Տիգրան Եգորյանը, որ բնակիչների շահերն է պաշտպանում, Ֆիրդուսի թաղամասի խնդիրները մի քանի մասի է բաժանել։ Նախ ասում է՝ բարձրահարկերով թաղամաս կառուցելու նախագիծը բավարար հիմք չէ մշակութային հուշարձաններով հարուստ տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու ու սեփականատերերին իրենց տներից զրկելու համար։

«Այդպիսի տևական ժամանակահատվածով այնպիսի միջամտություն մարդու սեփականությանը, նույնիսկ լեգիտիմ միջամտություն, անթույլատրելի է ուղղակի», - ընդգծեց փաստաբանը:

2018-ից կառավարությունը բացառել է նույն վայրում բնակչին տուն տալու հնարավորությունը։ Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանը պարզաբանել էր, որ նախկինում շատերին կառուցապատողները տուն չեն տվել, և որպեսզի պատմությունը չկրկնվի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է կառուցապատողին ազատել այդ պարտավորությունից։ Փաստաբան Տիգրան Եգորյանը, սակայն, այս մոտեցումը հակասահմանադրական է որակում։ Գոնե այս կերպ այս մարդիկ կշարունակեին ապրել իրենց հարազատ միջավայրում՝ ստիպված չլինելով վտարվել թաղամասից։

«Պատկերացրեք մարդիկ, որ 2-3 սերունդ բնակվել է այս հատվածում, ըստ էության էդ հատվածն ինչ-որ առումով նույնիսկ իր ինքնության մասն է, իրեն ուղղակի վտարում են այդտեղից, զտման են ենթարկում քաղաքի այդ հատվածից», - ասաց Եգորյանը:

Խնդրահարույց է նաև սեփականատերերին առաջարկվող ծիծաղելի փոխհատուցումը։ Այս հարցում մեղքի բաժին ունեն գնահատող կազմակերպությունները, որոնք, փաստաբանի կարծիքով, վախենում են ճշգրիտ գնահատել մարդկանց ունեցվածքը՝ արտոնագրից չզրկվելու պատճառով։ Նման մի նախադեպ եղել է մոտ 10 տարի առաջ, ու թեև Եվրոպական դատարանը համարել էր, որ գնահատողը ճիշտ գումար է սահմանել, միևնույն է, պետությունը ընկերությանը զրկեց արտոնագրից։

Փաստաբանն այժմ այս հարցերը վիճարկում է դատարաններում, որտեղ Ֆիրդուսի բնակիչների շուրջ երկու տասնյակ գործեր կան։ Չնայած այս բողոքներին՝ իշխանությունները հաստատակամ են՝ սեփականատերերին հորդորում են հետևել փոխհատուցումը ընդունած մարդկանց օրինակին։ Ֆիրդուսում ժամանակին շուրջ 400 միավոր գույք է եղել, դրանցից 110-ի տերերը հրաժարվում են դուրս գալ տարածքից։ Մինչ այդ, Երևանի կենտրոնում շինարարական եռուզեռը նոր թափ է հավաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG