Մատչելիության հղումներ

Սաֆարյանների տարածքը՝ գերակա շահի գոտում. պնդում են՝ կառուցապատողը շուկայականին համարժեք չի գնահատում


Երևանի ուղիղ կենտրոնում է գտնվում 88-ամյա Վարյա Սաֆարյանի 815 քառակուսի մետրանոց տարածքն իր շինություններով, որն արդեն 14 տարի է, ինչ գերակա շահի գոտում է։

«Մեզ վտարում են, թող արժեքը տան, ու գնանք մենք, տուն առնենք: Էս երեխեքը տուն են սարքել, որ ապրեն մեջը, դու որ տուն չես տալիս, ո՞ւր գնան, ապրեն, տան փող էլ չես տալիս», - ասում է նա։

Տարեց կինը նեղսրտած է՝ իր տունը եթե քանդեն, տեղում հայտնի «Արև» բնակելի համալիրն է կառուցվելու, ճշտել են՝ այդտեղ բնակարանների 1 քառակուսը մետրի գինը սկսվում է 3500-4500 դոլարից, բայց կառուցապատող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ ընկերությունն իրենց ասել է՝ մի քառ/մետրի համար կվճարեն 750 դոլար։

«Այստեղ 23 մարդ ու 14 ընտանիք է ապրում, էդ գումարով ի՞նչ գնենք, որտե՞ղ ապրենք,- հարցնում է տարեց կնոջ որդին՝ Ռաֆայել Սաֆարյանը, - Կառավարության որոշումով պարոն Ավինյանը պաշտոնական ասաց՝ 33-րդ թաղամասի բնակիչներին պիտի հատուցվեր 1700-2000 դոլար: Մի քանի ժամանակ անց նամակներ ստացանք, 750 դոլար քառ/մետրը վճարել են, 153 հազար դրամ էլ սրա քառակուսին, ու ընկանք դատարանի դռները»:

33-րդ թաղամասը, որն առավել հայտնի է որպես Ֆիրդուսի թաղամաս, անցնում է նաև Տիգրան Մեծի պողոտայից մինչև Բյուզանդի փողոց։ Հենց հայտնի Ֆիրդուսի շուկայի հետնամասում է գտնվում Սաֆարյանների տարածքը, որտեղ մի քանի շինություններ կան։ Ռաֆայել Սաֆարյանը, որ այդ տանն է մեծացել, ասում է՝ տարածքի 300 բնակիչներից 48-ն են մնացել։ Իրենք էլ դուրս կգան, եթե իրական շուկայական գներով գնահատվի իրենց ողջ սեփականությունն, ու ցանկից շինություններ դուրս չթողնվեն։ Դիմել են դատարան, չեն վստահում գնահատող ընկերությանը, հիմա էլ նոր խնդրի առաջ են կանգնել, ասում է՝ ոչ մի ընկերություն չի ցանկանում գերակա շահի գոտում գնահատումներ իրականացնել:

«Էսքան կազմակերպություն կա, իրենք կանգնած են՝ Հարկադիրը, ես զանգահարեցի գնահատող կազմակերպության, ասաց՝ ես իմ աշխատանքից ձեռք չեմ քաշել, որ գամ, ձեր տարածքը գնահատեմ: Չեն գալիս գնահատելու, վախենում են», - պատմեց նա:

Սաֆարյանների ընտանիքը խճճվել է. արդեն տասը տարուց ավելի է՝ այս խնդրի առաջ են կանգնած, լսել են, թե կառուցապատող ընկերության հետ տարբեր շահեր ունեն տարբեր չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլն: Ընտանիքի փաստաբան Հերմինե Ավետիսյանն ասում է՝ օրենքով սահմանված կարգով հայց են ներկայացրել դատարան ու պահանջել, որ սեփականւթյունը գնահատի իրենց կողմից վստահելի ընկերությունը. «Բայց այս պարագայում ձեռքբերողն առաջարկեց մեկ այլ փորձագետի, և դատարանը մեր միջնորդության համար ընտրեց ձեռքբերողի փորձագետին, այսինքն՝ աբսուրդը հենց այստեղ է՝ արդեն իրենք բերել էին գնահատում»:

Ընտանիքը դատարան երեք հայց է ներկայացրել։ Դրանցից մեկով բողոքարկում են դատարանի որոշումը, որ որպես գնահատող ընկերություն կառուցապտողի առաջարկն է ընտրվել։ Ըստ փաստաբանի՝ դատարանը դեռ վերջնական որոշում չի կայացրել, բայց կատարողական մեկ այլ ակտով փորձագետները երեկ գնացել էին, որ գույքը գնահատեն։ Սաֆարյաններն ու հարևանները թույլ չեն տվել, որ ներս մտնեն, որովհետև վստահ են՝ նույն գինն են ասելու, բայց մի քանի դուռ կոտրել ու ներս էին մտել:

Փաստաբանն ասում է՝ փորձագետներին ուղեկցել է բարձրաստիճան հարկադիր կատարողներից կազմված խումը, նրանց էլ ուղեկցել են ոսստիկանները։ Սա էլ է ոչ իրավաչափ, ասում է Հերմինե Ավետիսյանն ու շարունակում՝ այս հայցով էլ են դատարան մտնելու։

«Սիթի Սենթր Դիվելոփմենթ ընկերության ներկայացուցիչ Գեղամ Թադևոսյանը հրաժարվեց հարցազրույց տալ, բայց ասաց՝ Սաֆարյանները մեկ ընկերության են միայն ներկայացրել, որը գույք գնահատելու լիցենզիա չի ունեցել, իրենք էլ մի քանի ընկերության անուն են տվել, դատարանն ընտրել է դրանցից մեկը։ Պնդում է՝ ոչ մի շահ չունեն այդ ընկերության հետ։

Ընկերության ներկայացուցիչը նաև ասաց՝ այդ 750 դոլարը նախնական թիվ է, գուցե գույքը գնահատելուց հետո դա փոխվի։ Փաստաբանն ու Սաֆարյանները մինչդեռ վստահ են՝ կրկնվում է Հյուսիսային պողոտայի պատմությունը, երբ մարդկանց իրենց տներից հանելով՝ տեղում շքեղ շենքեր կառուցեցին, շատերն այդպես էլ չստացան համարժեք փոխհատուցում, նրանցից մի քանիսի բողոքն էլ Եվրոպական դատարան հասավ, ու պետությանը պարտադրվեց փոխհատուցել նրանց վնասները:

«Այն գնով, ինքը ինչ որ այստեղ պետք է անշարժ գույք սարքի ու վաճառի, դրանք սարերի ու ձորերի տարբերություն է, ամենասարսափելին այն է, որ դատարանն ուղղակի գործիք է իրենց ձեռքում», - ասաց փաստաբանը:

«Երեք հատ կառավարություն է փոխվել էս փողոցից, 2007 թվից քանի՞ հատ կառավարություն է փոխվել, գնալով վատացավ վիճակները, հո տենց չի՞», - նշեց տղամարդը:

Քաղաքի կենտրոնում՝ մի բակում ապրող Սաֆարյանների 14 առանձին ընտանիքները տարակուսած են՝ ո՞րն է իրենց մեղքը, որ սեփական տարածքը հայտնվել է գերակա շահի գոտում։ Պնդեցին՝ դուրս չեն գալու իրենց տնից, կառուցապատողի առաջարկած գնահատող ընկերությանը ներս չեն թողնելու, մինչև իրենց գույքը շուկայականին համարժեք չգնահատվի։ Հենց այդ տների տեղում կառուցվող «Արև» համալիրից «Ազատությունը» ճշտեց՝ բազմաբնակարան շենքում բնակարանի 1 քառ/մետրն իսկապես սկսվում է ավելի քան 3000 դոլարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG